ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում ընդգծեց, որ հաջողվել է կոտրել հակառակորդի հարձակողական լայնածավալ բռունցքի թափը, որից հետո շարունակվել են այլ բնույթի գործողություններ, որոնք դանդաղ, օջախային և սողացող բնույթ են կրում։
«Հեշտ չէ լեռնային և անտառային տեղանքում միանգամից չեզոքացնել բավական մեծաքանակ դիվերսիոն խմբերի հոսքը, բայց այնպես էլ չէ, որ այդտեղ մեծ հաջողություն ունեն։ Մենք մեր տունն ենք պաշտպանում, մենք մեր տան տերն ենք և մենք հաղթելու ենք միանշանակ։ Բախումներն ավելի շատ մերձամարտային են, քան նախորդ շրջանի լայնածավալ զորախմբերինը»,- ասաց Հովհաննիսյանը։
Հարցին ի պատասխան, որ առաջնագծի որոշ ուղղություններում ադրբեջանական զինված ուժերն ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, ասաց, որ օրվա ընթացքում հայտարարվել է այդ մասին, և նշեց, որ կարծես թե որոշ ուղղություններում Ադրբեջանը վերահսկողությունն ամբողջովին հանձնել է ահաբեկչական խմբավորումներին։
«Այս կապակցությամբ մենք հրավիրում ենք ոչ միայն Ադրբեջանի ուշադրությունը, որ համապատասխան պատասխանատվություն, կորուստներ ու հետևանքներ են լինելու, այլ նաև տարածաշրջանի պետությունների ուշադրությունը»,- նշեց Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը շեշտեց՝ մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու, ինչպես դա անում են Ադրբեջանի զինված ուժերը և ռազմաքաղաքական ղեկավարությունը։
«Մենք մեր կռիվը վարելու ենք մեր տուն մտած հակառակորդի, թշնամու հետ՝ լինի դա Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչ, Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչ կամ մեկ այլ պետության, թե ահաբեկիչ, թե հրոսակ․ մենք վարելու ենք իրենց հետ»,- ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։