ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ ԱԺ-ի ընդունած փոփոխություններին՝ ուղղված մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները ներելուն:
Փոխնախարարը նշեց, որ օրինագիծը հնարավորություն է ընձեռում, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները՝ առանց հարկային հետևանքներ կրելու, կարողանան ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհայտ կորած համարվող անձանց, նաև նրանց հետ առաջնահերթորեն փոխկապակցված անձանց՝ ամուսնու, համատեղ ապրող ծնողի ու զավակի վարկային պարտավորությունները:
«Այս նախաձեռնությունը տարբերվում է նրանով, որ խոսքը ոչ միայն վերաբերում է տույժերին ու տուգանքներին, այլև վարկային պարտավորությանն առհասարակ, այսինքն՝ նաև վարկի մայր գումարին: Նպատակը շատ պարզ է. շահառու համարվող անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց անմիջապես ազատել վարկային պարտավորություններից»,- նշեց Պողոսյանը: