Այսօր ողջ օրն Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես նաև նրան զինակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր ջոկատներով շարունակել են իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները։ Դրանք եղել են ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավային ուղղություններով։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել։ Հակառակորդին չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ՝ չնայած նրանց որոշակի ջանքերին։ Այս ուղղությամբ մեր զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել։ Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետակոծություն՝ Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ օրվա ընթացքում տեսանք Ադրբեջանի վայրագությունների ապացույցները Շուշի և Ստեփանակերտ քաղաքներում, ինչի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կան զոհեր և վիրավորներ։ Հովհաննիսյանը շեշտեց, որ անգամ հարված է հասցվել ծննդատանը և այլ շինությունների, ինչի կապակցությամբ հրավիրել են աշխարհի ուշադրությունը։
«Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ և նախորդիվ նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի չեզոքացման։ Այդ աշխատանքները շարունակվում են։ Դրանք կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն համառ բնույթ»,- նշեց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի խոսքով՝ ՊԲ-ն բազմիցս ընդգծել է իր հանձնառությունը կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու կապակցությամբ, սակայն այդ պայմանավորվածությունների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները, կարծես թե, ամբողջությամբ այլ են։ Ասաց՝ իրենք այդ պայմանավորվածությունները կարծես թե մեկնաբանում են որպես Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելու, արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն։
«Դա այդպես չի կարող լինել։ Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերն Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ մարտական գործողությունները չունեն նույն խտությունը, դինամիկան, այլ օջախային են, բայց՝ շարունակական։ Կիրառվում են հիմնականում դիվերսիոն խմբեր, հրետանային միջոցներ, մասամբ՝ օդուժ։