Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան շարունակվում է ռազմաճակատի տարբեր ուղղություններում: Պատերազմի 31-րդ օրն էլ դարձյալ թիրախում եղել են նաև խաղաղ բնակավայրերը: Հյուսիսում մարտական գործողությունները համեմատաբար թեթև են եղել: Արծրուն Հովհաննիսյանը քարտեզով է ցույց տալիս իրադրությունը:
Արծրուն Հովհաննիսյան (ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ) - Ինչպես տեսնում եք, մի քանի գյուղերի ուղղությամբ, հիմնականում՝ բնակավայրերին մոտ անտառներում և այլն: Երեկ, ինչպես ներկայացրի, հարավային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացումն այս պահին ունի հետևյալ տեսքը: Ըստ էության, Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա:
Բերձորի ուղղությամբ թշնամական ուժերը փորձել են հարձակվել, մոտենալ նաև Հայաստանի հարավային սահմանին: Ադրբեջանը կիրառել է հրետանի և անօդաչու թռչող սարքեր, բայց՝ ապարդյուն. մերոնք մի կողմից դիպուկ կրակով ճնշել, մյուս կողմից պայքարել են դիվերսիոն խմբերի դեմ:
Արծրուն Հովհաննիսյան - Որպես կանոն՝ փոքր խմբեր են մոտենում, որոնք իրենց հետ բերում են թեթեևազեն սպառազինություն, և մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, անտառներով, լեռներով փորձում են այլ ուղղություններ զարգացնել, և այս ուղղությամբ 24-ժամյա ռիթմով մարտական գործողությունները շարունակվում են:
Դաշտավայրերում որոշակի հաջողություն ունենալուց հետո ադրբեջանական զինուժը վարձկան ահաբեկիչների հետ փորձում է խորանալ նաև Արցախի բարդ անտառալեռնային տեղանքներում, մինչդեռ հաջողությունն այնքան էլ երկար կյանք չի ունենում. թշնամական ուժերից քչերին է հաջողվում խելապատառ նահանջել Արցախի լեռներից, անտառներից ու կիրճերից.
Արծրուն Հովհաննիսյան - Այսօր չեզոքացվել են մի քանի դիվերսիոն խմբեր՝ մի քանիսը փախուստի են մատնվել, նույնիսկ թողնելով նորից որոշակի տեխնիկա, բայց այս պատերազմը, այս պայքարը կոնկրետ իր բնույթով որոշակի առանձնահատկություն, որոշակի բարդություն ունի:
Հակառակորդը կորցրել է ահռելի քանակական և տեխնոլոգիական առավելությունը: Արծրուն Հովհաննիսյանն ասում է՝ առաջին հերթին տեղանքի գործոնն է, ազդեցություն ունի նաև մեր զինուժի հմտությունների կատարելագործումն ու փորձը: