«Ուկրաինան իմ մեծ հայ ընտանիքի նախորդ սերունդների համար Հայրենիքն է՝ երջանիկ ծնողական տուն: Մորական կողմից ուկրաինական ընտանիքս սեր և հայրենասիրություն է սերմանել: Իմ շատ ընկերների, հայրենակիցների համար Ուկրաինան վաղուց երկրորդ հայրենիք է դարձել»: Այս մասին, ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, հայտարարել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ Դավիթ Մակարյանը:
«Որպես պետական գործիչ՝ բարեխղճորեն և ազնվորեն կատարում եմ իմ լիազորություններն ու պարտականությունները, որոնց թվում է նաև միջազգային նախագծերի իրականացման աջակցությունը, մասնավորապես, պատերազմից տուժած շրջանների վերականգնումն ու վերաինտեգրումը»,- նշել է նա:
Նա նշել է, որ այսօր իր «հայ եղբայրներն ու քույրերը դժբախտության մեջ են»:
«Իմ սիրտը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների հետևանքով տուժած մարդկանց հետ է: Իմ հասարակական գործունեության մեջ է մտնում Ուկրաինայի հայերի միության ղեկավարի տեղակալի լիազորությունների իրականացումը: Ուկրաինայի հայերի միությունը մի շարք կարևոր նախագծեր է իրականացնում ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում տարբեր ուղղություններով՝ մշակույթ, կրթություն, սպորտ, պատմություն և այլն»,- նշել է փոխնախարարը:
Մակարյանը հավելել է, որ կայացել է արտահերթ նիստ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, հայկական համայնքների տարածաշրջանային ղեկավարների, տեղակալների, ինչպես նաև Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի մասնակցությամբ:
«Հանդիպման արդյունքներով որոշում է կայացվել շտաբ ստեղծել գործողությունների արդյունավետ համակարգման համար, առաջին հերթին՝ ԼՂ-ում մարտական գործողություններից տուժած հայերին աջակցելու համար: Շնորհակալ կլինենք յուրաքանչյուրին, ով կօգնի: Դրա համար պետք է դիմել ձեր քաղաքում Ուկրաինայի հայերի միության տեղական համայնքին: Մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ՝ զանգելով տվյալ հեռախոսահամարներին՝ 0 800 050 33 11; 044 277 91 61»,- ասել է Մակարյանը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայ համայնքր ակտիվորեն աջակցում է Հայաստանին: Պատերազմը սկսվելու հենց հաջորդ օրը Ուկրաինայի հայերի միությունը ստեղծեց արտակարգ շտաբ Կիևում, այնուհետև Երևանում իր աշխատանքը սկսեց Ուկրաինայի հայերի միության շտաբը՝ համատեղ գործողությունների համակարգման և ռազմական ագրեսիայի ժամանակ տուժածներին օգնելու համար։
Ուկրաինայի հայ համայնքի կողմից բերվել են շտապօգնության ավտոմեքենաների մեծ խմբաքանակ, էլեկտրագեներատորներ, բժշկական պարագաներ, ձմեռային հագուստ և կոնկրետ նշանակության այլ միջոցներ: Այս պահին ընդհանուր առմամբ մի քանի հարյուր տոննա բեռներ են բերվել Հայաստան:
Ուկրաինայի հայ համայնքը ավելի քան 2000 մարդու ամենօրյա սննդի ապահովման խնդիր է լուծում, իսկ հարյուրավոր տեղափոխվածներ ապահովվել են կացարաններով: