Թուրքիայի նախագահ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է սիրիական Իդլիբ նահանգում ընդդիմության ուսումնական ճամբարի վրա «հարձակվելու» համար՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հղում անելով սիրիական լրատվամիջոցներին՝ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այս շաբաթ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածել են ահաբեկչական խմբավորման ուսումնական ճամբարին Ջաբալ Դուվեյլում՝ Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Հարեմ քաղաքի մոտակայքում: Սպանվել է 40 գրոհային, վիրավորվել 60-ը:
Թուրքիան 2016-2019 թթ. երեք ռազմական գործողություն է իրականացրել Սիրիայում՝ «Եփրատի վահանը», «Ձիթենու ճյուղը» և «Խաղաղության աղբյուրը»: Էրդողանը չի բացառել, որ թուրքական բանակը նոր գործողություն կիրականացնի Սիրիայում:
Իդլիբը շարունակում է մնալ Սիրիայի միակ շրջանը, որի զգալի մասը դեռ վերահսկվում է գրոհայինների կողմից: 2017 թվականին այնտեղ ստեղծվեց ապաէսկալացիայի հյուսիսային գոտի, որտեղ տեղափոխվեցին ծայրահեղականներ, որոնք հրաժարվեցին զենքը վայր դնել Դամասկոսի արևելյան Գութա արվարձանում և հարավային շրջաններում:
Ավելի վաղ հայտնել էին, որ թուրք զինվորները սկսել են տարհանվել սիրիական Համայից: