«Բարսելոնայի» Թվիթերի պաշտոնական էջը հայտարարել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի պաշտոնից հեռանալու մասին:
Իսպանական լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել էին, որ ակումբի անդամներն անվստահություն էին հայտնել նախագահին: Վերջինս որոշում էր կայացրել չսպասել հանրաքվեին և հրաժարական տալ:
Բարտոմեուն «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը ստանձնել էր 2014 թվականի հունվարի 23-ին՝ փոխարինելով Սանդրո Ռոսելին, որին մեղադրում էին Նեյմարի տրանսֆերի հետ կապված մեքենայությունների մեջ: Բարտոմեուն նախատեսել էր լքել պաշտոնը 2016 թվականի ամռանը, սակայն դրա փոխարեն որոշել էր մասնակցել նախագահական նոր ընտրություններին: Պաշտոնյան 2015 թվականի ամռանը հաղթել էր ընտրություններում՝ հավաքելով ձայների 54,63%-ը:
«Բարսելոնան» Բարտոմեուի նախագահության ժամանակահատվածում 4-ական անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր, 1-ական անգամ էլ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթն ու հռչակվել աշխարհի ակումբային չեմպիոն: