Արդեն մեկ ամիս է՝ աշխարհասփյուռ հայությունը համախմբված պայքարում է Արցախի ճանաչման հարցը առաջ տանելու և աշխարհին պատմելու ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին։ Ավստրալիայի հայերի համառ աշխատանքը ևս հաջող արդյունքներ տվեց։ Երկրի ամենամեծ Նոր Հարավային Ուելսի նահանգը ճանաչեց Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ Ռայդ քաղաքն ընդունեց բանաձև, որով դատապարտեց Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները։
«Կոչեր ենք ուղղել Ավստրալիայի կառավարությանը, որ ճիշտ ձևով արձագանքի ստեղծված իրավիճակին»,- «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում ասաց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։
Անցած շաբաթ Սիդնեյում տեղի ունեցավ մեծամասշտաբ ցույց։ Ակնկալվում էր 500 մասնակցի ներկայություն, սակայն հազարավոր հայեր միացան ցույցին։
«Կոչս մեր համայնքին միշտ եղել է այն, որ երբ երեկոյան գնաս ու գլուխդ բարձին դնես, դու քեզ հարցրու՝ արդյոք այդ օրը բավականաչափ գործ արե՞լ ես Հայրենիքի համար։ Սա մեր մարտահրավերն է այսօր, և պետք շարունակենք այս ուղղությամբ աշխատել։ Միասին մենք հաղթելու ենք»,- ասաց նա։
Մինչև հիմա Արցախին օգնելու համար Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքները հավաքել են 2.7 մլն դոլար։