1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի դեպքերի քրոնիկոնը:
Հակառակորդը կորցրել է իր ահռելի քանակական ու տեխնոլոգիական առավելությունը․ Հովհաննիսյան
«Մեր զինված ուժերն այսօր այն նույն ուժգնությամբ, նույն արագությամբ ու բարդությամբ մարտեր չեն վարում, բայց վարում են բարդ մարտեր լեռներում, կիրճերում ու անտառներում։ Այսօր չեզոքացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախուստի են մատնվել՝ թողնելով որոշակի տեխնիկա։ Բայց այս պատերազմն ու պայքարը իր բնույթով որոշակի առանձնահատկություն ու բարդություն ունի։ Հակառակորդը կորցրել է ահռելի քանակական ու տեխնոլոգիական առավելությունը։ Դա գալիս է տարբեր հանգամանքներից։ Առաջին հերթին՝ տեղանքից, հետո՝ մեր հմտությունների կատարելագործումից ու փորձից։ Իրավիճակն այլ է։ Դինամիկ զարգացումների տեղեկությունները մենք մշտապես չենք կարող հայտնել, որովհետև նույն դինամիկայով չի զարգանում պատերազմը։ Վստահ եղեք, հաղթելու ենք»,- 22։00-ին մեկնարկած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:
Փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել և մոտենալ հարավային ուղղությամբ ՀՀ սահմանին, սակայն հետ են մղվել․ ՊՆ ներկայացուցիչ
«Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-ը շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով։ Միաժամանակ մի քանի բնակավայրի նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ։Մարտական գործողություններ եղել են հյուսիսային ուղղությամբ՝ համեմատաբար ավելի թեթև լարվածությամբ, միևնույն ժամանակ շարունակվել է որոշ գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի ներթափանցման դեմ պայքարը՝ հիմնականում բնակավայրերին մոտիկ անտառներում։ Ըստ էության, Որոտան գետի երկայնքով ձևավորված ճակատ կա։ Այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել և մոտենալ հարավային ուղղությամբ ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել: Կիրառել են հրետանի և ԱԹՍ, սակայն հաջողության չեն հասել»,- նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Կեսօրին հրետանի է կիրառվել Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ. ԱՀ ԱԻՊԾ
Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, կան տուժածներ՝ հ
այտնել են ԱՀ ԱԻՊԾ-ից: Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ:
«Հետկեսօրին թշնամին ռազմական ավիացիայով ռմբակոծել է Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Մարդկային կորուստներ չկան: Այստեղ ևս նյութական վնասները շատ են: «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծվել է նաև Մարտունու շրջանի Ննգի գյուղը: Կասետային ռումբերի հարվածի հետևանքով երեք կին վիրավորում է ստացել: Ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. ԱՀ ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է հրթիռահրետանային միջոցներով թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: ԱՀ ՄԻՊ-ից հայտնել են, որ ճշտված տեղեկություններով՝ կեսօրին Ադրբեջանը կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, որտեղ ապաստանել էին մի շարք այլ համայնքներից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիական բազմաթիվ անձինք:Հարվածի հետևանքով երեք կին վիրավորվել է, ինչպես նաև ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս: Հաշվի առնելով, որ տվյալ համայնքի մոտ առկա չէ որևէ ռազմական օբյեկտ, ինչպես նաև խիտ բնակեցված հատվածում կիրառվել է ազդեցության լայն շառավղով արգելված կասետային հրթիռ, ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերը հանցավոր դիտավորություն ունեին թիրախավորելու հենց քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտները:
Հայաստանի տարածքից Բարդայի հրթիռային հարձակման լուրը կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք․ՊՆ խոսնակ
«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք:Ո՛չ ՀՀ ԶՈՒ-ն, ո՛չ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին
Տեսանյութ
Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ
Տեսանյութ
Քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները հոկտեմբերի 26-ի դրությամբ. ԱՀ ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները: Մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, որից՝ 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 31 տղամարդ։ Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 122 մարդ, որից 102 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 83-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են: Արցախի Հանրապետության 150 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 11600 մասնավոր անշարժ գույք, 1600 մասնավոր շարժական գույք, 2100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր. ՊՆ խոսնակ
«Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր. մինչդեռ ադրբեջանական կողմը ջանադրաբար հերքում է»,- ասված է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառման մեջ:
ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների նոր անուններ
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անուններ:
Հարավում ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների. ՊՆ խոսնակ
ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ: Հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ՝ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Հայաստանի հարավային սահմանի ուղղությամբ կրակոցների հետևանքով կան վիրավորներ. ՊՆ խոսնակ
Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ` տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկացրել էր, որ հակառակորդը հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, և որ ՀՀ-ն ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:
Հակառակորդը շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ
ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել։
Հայաստանի հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան. ՊՆ խոսնակ
ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների՝ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկացրել էր, որ հակառակորդը հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, և որ ՀՀ-ն ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:
ՀՀ-ն ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ. ՊՆ խոսնակ
Այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ` հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Տեղային նշանակության մարտեր են ընթացել ճակատային գծի որոշ ուղղություններում
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրությունը: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերն ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո: Հայտնում են ԱՀ ՊՆ-ից։