ԱԺ-ն օրերս ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով կազմակերպություններին և ֆիզիկական անձանց՝ առանց հարկային և մաքսային պարտավորություններ կրելու, հնարավորություն է տրվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքներ ներկրել և հանձնել օրենքով սահմանված պետական կառավարման մարմիններին՝ որպես շահառուների:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հրավիրված մամուլի ասուլիսում պարզաբանեց, որ խոսքը ներմուծված ապրանքներն ակցիզային հարկից, ավելացված արժեքի հարկից և բնապահպանական հարկից ազատելուն է վերաբերում:
«Սա հնարավորություն է, որի շրջանակում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք կարողանում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքները հասցնել վերջնական շահառուին՝ առանց հարկային և մաքսային պարտավորություններով ծանրաբեռնվելու:
Կառավարությունը կսահմանի ապրանքների ցանկ, և արտոնությունները կիրառելի կլինեն այդ ցանկի ապրանքների նկատմամբ: Նպատակն է նախաձեռնությունն ու աջակցությոունն առավելագույնս հասցեական դարձնել»,- նշեց Պողոսյանը:
Քանի դեռ Կառավարությունն այդ ցանկը չի սահմանել, արտոնությունները կիրառելի կլինեն բոլոր ապրանքների նկատմամբ: