Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Քաղաքային խորհուրդը հեռավար նիստում անկախության ճանաչման բանաձևն ընդունել է միաձայն:
Արցախի անկախության ճանաչման բանաձևը հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը: Բանաձևում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր:
Քաղաքային խորհուրդը Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին։
«Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում հայերի դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանությունը»,- ասվում է բանաձևում: