Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսա Սելջուք Բայրաքթարի ընտանիքին պատկանող Baykar Makina ընկերության կողմից արտադրվող «Bayraktar TB2»-ը բավականին տպավորիչ մարտավարատեխնիկական բնութագիր ունի, գրում է Ermenihaber-ը:
Դրանց արտադրությունը կախված է արտասահմանից ներմուծվող այնպիսի անփոխարինելի ու կարևոր բաղադրամասերից, ինչպիսիք են, օրինակ, շարժիչներն ու տեսախցիկները, արբանյակային կապի համակարգերն ու GPS ընդունիչները:
Շարժիչ
Bayraktar TB2-ի վրա տեղադրված է ավստրիական հայտնի Rotax ընկերության (ամբողջական անվանումը՝ Bombardier-Rotax GmbH. գտնվում է կանադական Bombardier ընկերությունների խմբի կազմում), «Rotax 912» 100 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչ է:
Հոկտեմբերի 23-ին կանադական ընկերության փոխնախագահ և մամուլի խոսնակ Մարթին Լանգելիեն հայտնել է, որ կասեցնում է շարժիչների արտահանումը այն երկրներ, որոնք դրանք կիրառում են անհայտ նպատակներով։
Տեսախցիկներ (ներառում են նաև լազերային նշանառության համակարգեր)
«Bayraktar TB2» և Baykar Makinası-ի այլ ԱԹՍ մոդելների համար հիմնականում կիրառվում է կանադական արտադրության L-3 WESCAM CMX-15D տեսախցիկը, որը ներառում է լազերային նշանառության համակարգերը։
Վերջին օրերին Կանադայի հայ համայնքի ջանքերի շնորհիվ այդ երկրի իշխանությունները հայտարարեցին Թուրքիայի դեմ զենքի վաճառքի էմբարգո կիրառելու մասին և կասեցրին Թուրքիա զենքի արտահանման համապատասխան թույլտվությունները։
Ըստ որոշ աղբյուրների` Roketsan-ի OMTAS և UMTAS հրթիռները գերմանական TDW ընկերության հետ համատեղ արտադրության արդյունք են։ Այլ աղբյուրներ առաջ են քաշում այն վարկածը, որ գերմանական կազմակերպությունը մշակել է մարտագլխիկները, իսկ դրանց արտոնագիրը վաճառել է Թուրքիային։ Մասնագիտացված Defenceturk-ը ևս հաստատել է, որ մարտագլխիկները արտադրվում են գերմանական TDW ընկերության կողմից։
Արբանյակային կապի համակարգեր
TB2-ի արբանյակային կապի համակարգերը նույնպես ներմուծվում են արտասահմանից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից: Համակարգերը մատակարարող ամերիկյան Viasat ընկերությունը նախօրեին հայտարարել է, որ դադարեցնում է դեպի Թուրքիա մատակարարումները, այն բանից հետո, երբ ամերիկահայությունը 2 օր շարունակ խաղաղ ցույց է անցկացրել ընկերության գրասենյակի առջև:
Նավիգացիոն ընդունիչներ
Վերջին օրերին Արցախի ՊԲ ՀՕՊ համակարգերի կողմից խոցված Bayraktar TB2-ի մի շարք լուսանկարների հրապարակման արդյունքում պարզ դարձավ նաև, որ այս ԱԹՍ-ի համար նավիգացիոն ընդունիչներ է մատակարարում նավիգացիոն սարքերի ոլորտում առաջատար արտադրողներից մեկը հանդիսացող ամերիկյան GARMIN ընկերությունը (տեղակայման վայրը՝ Դայմոնդ Բար, Կալիֆոռնիա): Bayraktar TB2 ԱԹՍ-ի համար օգտագործվում է GARMIN ընկերության GNC 255A մոդելը, որի գինը 4495 ԱՄՆ դոլար է։
Այսպիսով պետք է արձանագրենք, որ կանադական տեսախցիկների ու ամերիկյան արբանյակային կապի համակարգերի, ինչպես նաև ավստրիական շարժիչների մատակարարումն արդեն իսկ կասեցված է կամ կասեցման փուլում է։ Հոդվածում նշվածներից ամերիկյան GARMIN և գերմանական TDW ընկերությունների մատակարարումները խոչընդոտելու ուղղությամբ դեռևս կատարվելիք աշխատանքի մեծ դաշտ կա: