ԱԺ-ն այսօր քննարկեց ու 73 կողմ ձայնով ընդունեց պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Բաբկեն Թունյանի, Վարազդատ Կարապետյանի ներկայացրած «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու և կից ներկայացված նախագծերի օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ։
Արտակ Մանուկյանը նշեց, որ այժմ, երբ ֆինանսական, վարկային կազմակերպությունները, բանկերը հաղորդակցության առումով ծանուցման մեխանիզմներ չեն իրականացնում, ստիպված են խնդիրը օրենքով կարգավորել: Պատգամավորի խոսքով՝ իրենք օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել, որպեսզի այս պատերազմական իրավիճակներում SMS ծանուցումներ չուղարկելը չդիտարկվի որպես պարտավորությունների խախտում։
«Փորձել ենք հավասարակշռելու առումով իմ գործընկեր Թունյանի հետ նախագիծ ներկայացնել, որով քննարկվում է որոշակի պատժաչափերի խախտումներն այն դեպքերում, երբ սպառողների իրավունքները չեն պաշտպանվում, և ԿԲ վերահսկողությունն ըստ էության բացահայտում է»,- ասաց պատգամավորը։
ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 73 կողմ ձայնով։
Մելքումյանը նշեց, որ դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում մեկ այլ օրենք Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման հետ կապված, և սա փոխկապակցված է այդ օրենքին։
72 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու հարցը։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով՝ պետական մարմինների համար ստեղծվում են վերահսկողության այլ մեթոդներ, օրենքին որոշակի հետադարձ ուժ է տրվում, որ եթե մինչև օրենքն ուժի մեջ մտնելը հարկային ակտը բողոքարկելի չի ճանաչվել, ապա տուգանքը չի կիրառվում։ Փոխնախարարն ընդգծեց, որ այսպիսով տնտեսվարողները շատ ավելի ճկուն են լինելու, ինչպես նաև որոշակիորեն պաշտպանվում է սպառողների շահերը:
73 կողմ ձայնով ԱԺ-ն ընդունեց նաև Կառավարության ներկայացրած ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թ. հունիսի 22-ին ստորագրված «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ - փուլ 1» - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
73 կողմ ձայնով ընդունվեց Կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2020 թ. ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը։
64 կողմ, 9 դեմ ձայներով չընդունվեց որոշումը, որը վերաբերում էր ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թ. հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելուն։
ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 72 կողմ ձայնով, իսկ 73 կողմ ձայնով՝ Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։