ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել է ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսանյութը:
Բախշալիևը նշում է, որ իրեն լավ է զգում, օրվա ընթացքում կերակրվում է երեք անգամ, բռնության կամ խոշտանգման չի ենթարկվում:
«Ձախ ոտքիցս վիրավորվել եմ, ամեն օր վիրակապս փոխվում է, վերքս մշակվում է»,- ասել է ռազմագերին:
Էմին Բախշալիևը պատմել է, որ ամռանը Ադրբեջանում Թուրքիայի հետ համատեղ լայնածավալ ռազմավարժանքներ են իրականացվել, որի ավարտից հետո թուրքական բանակի զինվորական կազմ է մնացել Ադրբեջանում:
«Նաև տեղեկացել եմ, որ պատերազմը սկսելու ժամանակ մեզ պետք է օգնեն Պակիստանից ժամանած զինծառայողները»,- նշել է Բախշալիևը:
Լեռներում մարտ վարելու ձևերի դասեր էլ մի քանի օր անցկացրել են թուրքական բանակի զինվորական մասնագետները, որոնք եղել են զինվորական համազգեստով, առանց կոչումների, և նրանց դիմել են որպես հրամանատարի՝ առանց իմանալու անուն կամ ազգանուն:
«Մեր պետությունը բանակի համար Իսրայելից, Թուրքիայից ձեռք է բերել ԱԹՍ-ներ, հրթիռային համակարգեր: ԱԹՍ-ները կառավարվում էին թիկունքից, դրանք թուրքական կամ իսրայելական արտադրության են եղել, թե կոնկրետ ով է կառավարել՝ չեմ տեսել: Քաղաքացիական բնակիչների տների բակերում տեղադրվել են հրթիռահրետանային միջոցներ, կան տան բակեր, որտեղ ծառերը շատ են և քաղաքացիական բնակավայրերի ներսում, տների բակերում, որտեղ ապրում են բնակիչներ, տեղադրվել են հրթիռահրետանային միջոցներ, որոնք կիրառվել են ռազմական գործողությունների ընթացքում, այդ բնակավայրերում քաղաքացիական բնակիչները շարունակել են ապրել, բնակվել»,- ասել է ռազմագերին: