Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2020 թ. ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ այդ համաձայնագրով առաջարկվում է շարունակել Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող նախկին երկու ծրագրերը։ Դրանք ուղղված էին համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը։
Նա տեղեկացրեց, որ վերջին ծրագիրը, որն իրականացվել է մինչև այժմ, արժեր 30 մլն դոլար և ուղղվել է մանկապարտեզների, դպրոցների, առողջապահական հաստատությունների վերակառուցմանը և համայնքային կենտրոնների շինարարությանը։ Գնվել է գույք մանկապարտեզների և հանրակրթական դպրոցների համար։
«Առաջարկվող նախագծով ակնկալում ենք լրացուցիչ ֆինանսավորում, որը կկազմի շուրջ 17 մլն։ Առաջին բաղադրիչը կլինի օժանդակություն սոցիալ-տնտեսական զարգացմանը և կարողությունների զարգացմանը տեղական մակարդակում, որը կկազմի 6,2 մլն եվրո, որից 4,5 միլիոնը՝ վարկ։ Երկրորդ բաղադրիչը կլինի 16,7 մլն եվրո, որից 12,2 մլն եվրոն՝ նորից վարկ։ Երկրորդ բաղադրիչը ուղղված կլինի միջհամայնքային սոցիալ-տնտեսական զարգացման նախաձեռնություններին»,- ասաց Տերտերյանը՝ ընդգծելով, որ մի փոքր բաղադրիչ էլ կտրամադրվի ինստիտուցիոնալ օժանդակության կարողությունների զարգացմանը։