Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ժողովրդին։
«Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի բնակչության դեմ։ Արցախի բնակչության վրա այս ընթացքում արձակվել է հազարավոր արկել, հրթիռներ, բաց թողնվել հազարավոր ԱԹՍ-ներ, հակառակորդը հարձակվել է տանկերով, ուղղաթիռներով, ինքնաթիռներով, ադրբեջանցիներով, թուրք ու պակիստանցի հատուկջոկատայիններով, ահաբեկիչներով։
Մեկ ամիս առաջ նրանք Արցախն արագ նվաճելու, կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առաջ, բայց այսօր Արցախը կանգուն է, թեկուզ՝ վիրավոր, սակայն կանգուն է, և այս ամենն առաջին հերթին մեր հերոսկաան բանակի, հերոսական ժողովրդի ու մարդու շնորհիվ։ Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս՝ Արցախը կանգուն է մնալու, որովհետև մեր հոգին կանգուն է, մեր կամքը՝ անսասան»,- նշեց վարչապետը։
Ըստ գերագույն գլխավոր հրամանատարի, պատերազմը մտել է մի փուլ, և դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում թշնամուն՝ փլուզելով նրա ունեցած պատրանքները։ Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունն այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ սպասում են Արցախի անկման մասին լուրին։
«Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու։ Ադրբեջանի հանրության՝ այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները։ Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը կռվելու է անմնացորդ ամեն ծառի, քարի, ամեն սանտիմետրի և միլիմետրի համար։ Անհրաժեշտ պահին հասցված հակահարվածն էլ հակառակորդի համար կործանարար էֆեկտ է ունենալու»,- նշեց վարչապետը։
Դրա համար մեզ ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում և կարգապահություն է անհրաժեշտ՝ նշեց վարչապետը։
«Ռազմական դրության պայմաններում պիտի գործի հրամաններն անվերապահորեն և առանց քննարկման կատարելու տրամաբանությունը։ Հրամաններ չկատարողները, հրամանի կատարման կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության և հանրային արգահատանքի։ Որևէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետև խաղասեղանին Հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ տեղյակ է երեկ իր ունեցած ելույթի բացասական արձագանքներից և նշեց, որ ուրախ է դրա համար։
«Այդ ելույթն ուներ երկու նպատակ․ միջազգային հանրությանն ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունն ու հայ ժողովրդի հաստատակամությունն Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ։ Երկու խնդիրն էլ լուծված է լիովին։ Եվ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր հաստատակամության համար»,- նշեց վարչապետը։
Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի՝ այս տրամաբանությունն է, որ պիտի գործի այս օրերին։
«Այո՛, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաև բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են և կկանգնեն հայ ժողովրդի կողքին։ Շնորհակալ հայ ժողովուրդն այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա։ Առավել ևս այս ֆոնին մեզ մնում է ամրացնել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի՝ Արցախի հայության ինքնորոշման իրավունքը։
Այս պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պիտի դառնա բացարձակ ու անփոխարինելի առաջնահերթություն։ Ու մենք կհաղթենք։ Այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է հակամարտության ընկալումն աշխարհում։ Միջազգային հանրությունն ընդունում ու բաց հայտարարում է, որ Ադրբեջաննն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը։ Ահաբեկիչների և վարձկանների կռվելն արդեն հասատված փաստ է աշխարհում։ Սա հնարավոր է դարձել այդ թվում մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի և հրապարակային, կառուցողական աշխատանքի շնորհիվ։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջումների, իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչև վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու և դրանք վայելելու հայ ժողովրդի իրավունքը»,- նշեց գերագույն գլխավոր հրամանատարը։
Եկեք պայմանավորվենք, որ չենք վախենալու ոչնչից ու թույլ չենք տալու ներքին և արտաքին որևէ ուժի կասկած սերմանել ազատ և երջանիկ մեր ապագայի նկատմամբ՝ նշեց վարչապետը։
«Եվ ուրեմն, դու հաղթող ես, հա՛յ ժողովուրդ, գնա և վերցրու քո հաղթանակը, կանգնիր և կերտիր քո հաղթանակը։ Վստահ եղիր, քո ընտրած կառավարությունը ոչ մի վայրկյան չի շեղվել և չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու իր գործից ու պարտականությունից»,- եզրափակեց Գերագույն գլխավոր հրամանատարը։