Թուրքա-ադրբեջանական ռազմական ագրեսիան սկսվել է հուլիսի 29-ից, երբ Ադրբեջանում Թուրքիայի հետ զորավարժություններ էին անցկացվում՝ հայտարարել է Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
Նրա խոսքով՝ հուլիսյան դեպքերից հետո, չհասնելով ռազմական որևէ հաջողության և կրելով մեծ կորուստներ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին ծրագրել և իրականացրել են ագրեսիայի ակտ:
«Ստացված փաստական տվյալների համաձայն՝ նշված զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի ԶՈՒ մեծաթիվ զինվորականներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, շարունակել են մնալ Ադրբեջանում՝ համատեղ կազմակերպելով Ադրբեջանի զինված ուժերի համակարգումը և տեղերում շարունակելով իրականացնել մարտական պատրաստության աշխատանքները»,- նշեց նա:
Վարդանյանի խոսքով՝ սեպտեմբերի սկզբներին մինչև բուն ռազմական գործողություններ սկսելը Ադրբեջանում ԶՈՒ ծառայողներին կոնկրետ հրաման է տրվել՝ պատրաստվել Արցախի դեմ պատերազմի:
«Սեպտեմբերի կեսերից արդեն Ադրբեջանում կազմակերպվել և իրականացվել է մեծամասշտաբ զորահավաք։ Թուրքիայից ժամանած բարձրաստիճան զինվորականները զորամասերում անձամբ են իրականացրել և համակարգել մարտական պատրաստության դասընթացները»,- ասաց նա: Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ մինչև լրիվ մարտական պատրաստության բերվելը շփման գծին հարող Ադրբեջանի խիտ բնակեցված բնակավայրերում՝ քաղաքացիական բնակիչների տների բակում, տեղակայվել են հրթիռահրետանային կայանքներ: