ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացում ներկայացրեց իրականացրած միջոցառումներն ու աշխատանքի արդյունքները։ Նա նշեց, որ հիմնական երկու ուղղությամբ են աշխատում՝ առաջինը՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի դեպքով հարուցվել է քրեական գործ, երկրորդ՝ հարուցվել է մեկ այլ մեծ քրեական գործ, որը գտնվում է զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
Նա հայտնեց, որ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հակառակորդի կողմից պաշտպանության բանակի զինծառայողների՝ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, գույքը դիտավորյալ ոչնչացնելու փաստերով հարուցվել է քրեական գործ՝ կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի կողմից։ Քննչական խումբ է կազմվել նախաքննություն կատարելու համար, որի կազմում ընդգրկվել է զինվորական քննչական գլխավոր վարչության ողջ անձնակազմը։
Մելիքյանն ասաց, որ քրեական գործով բացահայտված փաստական հանգամանքները օգտագործվելու են ինչպես այժմ, այնպես էլ հետագայում՝ քաղաքական և իրավական նկատառումներով։ Ընդգծեց, որ նախաքննության շրջանակում իրականացվում են փորձաքննություններ, որոնց արդյունքներով կատարվում են անձանց նույնացումներ, և նախաքննության արդյունքների տեղեկությունը տրամադրում են պաշտպանության լիազոր մարմնին, որպեսզի զոհված և խեղում ստացած զինծառայողների, ինչպես նաև նրանց հավասարեցված կատեգորիայի անձանց սոցիալական երաշխիքների իրացումները հնարավոր լինեն սեղմ ժամկետներում իրականացնել։
Մելիքյանի խոսքով՝ սեպտեմբերի 27-ից մինչև օրս 279 քրեական գործ է հարուցվել տարատեսակ հանցագործությունների դեպքերով, որոնցով իրականացվում է հաշվառում․ արդյունքները պարբերաբար ամփոփվում են։
ՔԿ նախագահի տեղակալը տեղեկացրեց նաև, որ պատերազմի մեկնարկից ի վեր զորակոչվել են ՔԿ 15 պահեստազորային-ծառայողներ, որոնք ծառայության են նշանակվել տարբեր զորամասերում, ինչպես նաև կամավորագրվել է ևս չորս ծառայող, որոնք հիմա գտնվում են առաջնագծում։ «Բացի այդ, ունենք 150-ից ավելի կամավորագրված քննիչներ, որոնք արդեն այսօր երրորդ օրն է՝ տեսական և գործնական վարժանքներ են անցնում, որպեսզի նույնպես մեկնեն առաջնագիծ»,- ասաց Մելիքյանը։