Այսպիսի ճակատագրական պահերի առաջ շատ ենք կանգնել, նման օրեր շատ ենք ունեցել մեր պատմության ընթացքում: Հաղթելու ենք, որովհետև այլընտրանք չունենք՝ առաջնագծում ստեղծված իրավիճակի մասին հայտարարում է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Արծրուն Հովհաննիսյան (ՀՀ ՊՆ ներկայացուցիչ) - Այո՛, նրանք հաջողություն են ունեցել, այո՛, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին: Երեկ, ցավոք, ուշ ժամի մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություներով առաջանալ, բայց վիճակը ծայրահեղ չէ. ես հավատում եմ հայ զինվորի բազկին: Հակառակորդը շատ տեղերում փախուստի է մատնվել:
Քարտեզի ինչպիսի դասավորություն է հիմա՝ վաղը կներկայացնեն: Օրվա ընթացքում հայկական զինուժը շարունակել է Հադրութից հյուսիս ընկած անտառները մաքրել դիվերսանտներից: Նրանց որոնումն ու ոչնչացումը դեռ շարունակվում են Շեխեր, Ջիվանիկ, Ազոխ և հարակից գյուղերում: Ինչպես պաշտպանության բանակն է զեկուցել, երկուշաբթին թեժ է եղել նաև հարավարևելյան ուղղությամբ:
Արծրուն Հովհաննիսյան - Լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով՝ միաժամանակ հրետակոծություն, ռմբակոծություն իրականացրին: Չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել, բայց մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը:
Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը խոստացել էր հրադադար պահել: Դեռ ավելին, Բաքվում հարցազրույցներ են տալիս ու գանգատվում, թե զոհերի մարմիններն ու ռազմագերիներին փոխանակել իրենք համաձայնել են, Հայաստանը՝ ոչ: Աշխարհը գիտի՝ բոլոր երեք դեպքերում ո՛ր կողմն է խախտել հրադադարը՝ ասում է Արծրուն Հովհաննիսյանը: Դա էլ չլինի՝ Արցախի դեմ Թուրքիայի F-16 կործանիչներն օգտագործելու հարցը:
Արծրուն Հովհաննիսյան - Երեկ ամերիկյան բլոգներից մեկը հրապարակեց ամերիկյան արբանյակային լուսանկարներ, որտեղ Ադրբեջանի օդակայանում երևում էր F-16-ը: Մենք շատ լավ ապացույցներ ունենք, թե ինչպես են նրանք հրթիռներ կիրառել:
Ալիևի հայտարարությունը, թե իրենց դեմ ագրեսիա լինի, կտեսնենք F-16-երը՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանում է. Ադրբեջանի սպառնալիքներից ոչ զարմանում ենք, ոչ էլ վախենում: Այն, որ որոշ ուղղություններով հայկական զինուժը նահանջել է, թշնամուն թող չոգևորի. մենք պարզապես մեր տղաների կյանքն ենք խնայում:
Արծրուն Հովհաննիսյան - Ռազմական ղեկավարությունը փայլուն հետևում է իրավիճակին, ինչքան էլ զիջում ենք, 8-12 անգամ ավել ուժեր են կանգնած մեր ուժերի դիմաց՝ մեր մինչև վերջին մարդը պայքարելու իմաստ չենք տեսնում:
Հովհաննիսյանը վստահեցնում է՝ հրամանատարությունը տիրապետում է իրավիճակին, վճռական է: Գեներալ ունենք՝ զինվորին հավասար կռվում է, տանկ խոցում: