Պաշտոնական Երևանը սպասում է Վաշինգտոնի արձագանքին: Հումանիտար հրադադարի պահպանման երրորդ հրադադարն է, այս անգամ էլ հենց իրենց՝ ԱՄՆ նախագահի ջանքերով ձեռք բերված: Վարչապետն ասում է՝ պայմանավորվածությունից շատ չանցած էր զրուցել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ ու կանխատեսել՝ Ադրբեջանն այս անգամ էլ հրադադարը չի պահպանի։ Հեռախոսազրույցում վարչապետը երկու հարց է առաջ քաշել, ու հիմա, երբ մյուս կիսագնդում լույսը բացվել է, սպասում է, որ կլինեն արձագանքներ։
Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Միացյալ նահանգների ղեկավարները իրենց պատասխանատվությունն ու անունն են դնում, որպեսզի հասնեն հրադադարի հաստատմանը՝ նշում է Փաշինյանը։ Ու թեև երեք անգամ էլ Ադրբեջանը չպահպանեց պայմանավորվածությունը, երկրի ղեկավարը հույս ունի, որ հանդիպումները դեռ կարող են արդյունք տալ: Բայց որ հստակ լինի՝ վարչապետը կարճ է ձևակերպում՝ Ադրբեջանի ուզածն Արցախի կապիտուլյացիան է, ու հակառակորդն այս գիծն էր տանում դեռ մինչև սեպտեմբերի 27-ը։
Ադրբեջանը չի ցանկացել, հիմա էլ ռազմական գործողությունների ֆոնին, առավել ևս չի ցանկանում փոխզիջման գնալ։ Որ վերջնագրի առաջ չկանգնենք, ըստ վարչապետի՝ պետք է իրավիճակի վրա ազդելու ռեսուրս գտնենք, հիմա մեր շահերի եզրագծին ենք կանգնած։ Բանաձևը պարզ է՝ հույսը դնել սեփական ուժերի վրա, զինվորագրվել ու լինել առաջնագծում կռվող հերոսների կողքին։
Մարտի դաշտից խուսափողների մասին խոսելիս Փաշինյանը հիշեց ԱԱԾ վերջին բացահայտումը՝ կորոնավիրուսի կեղծ տեղեկանքով զինվորագրվելուց խուսափող տղամարդու մասին։ Մարտական անհաջողությունների հիմքում նաև նման դեպքերն են:
Հաղթելու ենք, չենք հանձնվելու կոչերը միայն աջակցության խոսքերով ու ֆեյսբուքյան լայքելով չպետք է լինի՝ ընդգծում է երկրի ղեկավարն ու ակնկալում, որ զինկոմիսարիատների առջև 24-ժամյա հերթեր լինեն։ Գնալ հայրենիքի համար կռվել պատրաստ է, որպես գերագույն հրամանատար դիմում է բոլորին։
Ջոկատներ կազմելու, զինվորագրվելու կոչով վարչապետը կանանց էլ դիմեց, նաև հորդորեց՝ քաջալերել և հետ չպահել ամուսիններին, եղբայրներին, հայրերին։ Հայաստանը պետք է դառնա թասիբի եռացող կաթսա՝ սա հազարամյա կռիվ է՝ եզրափակեց վարչապետը։