Հրետանու կրակով մեծաթիվ թշնամական կենդանի ուժ և զրահատեխնիկա ոչնչացնելու համար փոխգնդապետներ Արման Աշոտի Հակոբյանը, Մհեր Արմոյի Շամիրյանը ներկայացվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, կապիտան Գեորգի Արտավազդի Արշակյանը, ավագ լեյտենանտ Նաիրի Մհերի Մկրտչյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալի, կապիտաններ Հունան Հովհաննեսի Հակոբյանը, Գևորգ Արմենի Գասպարյանը, մայորներ Էդգար Ներսեսի Կանդայանը, Աշոտ Ռուբենի Մուսայելյանը, մայոր Անդրանիկ Լևոնի Պիլիպոսյանը, մայոր Սեդրակ Աշոտի Մադաթյանը, կապիտան Վահե Գագիկի Գյուլզատյանը, լեյտենանտ Թելման Գերասիմի Մխիթարյանը, ավագ լեյտենանտ Աղվան Գառնիկի Մովսիսյանը, փոխգնդապետ Մհեր Ռոմիկի Ղուկասյանը՝ «Արիության համար» մեդալի:
Շարքային Կարեն Արսենի Առաքելյանը «Մարտական ծառայություն» մեդալի կարժանանա թշնամական 2 ԱԹՍ ոչնչացնելու համար: Սերժանտ Գոռ Տիգրանի Սահակյանը՝ «Արիության համար» մեդալ կստանա հակառակորդի 1 տանկ խոցելու համար:
Շարքային Գևորգ Մերուժանի Օհանյանը «Մարտական ծառայություն» մեդալի է ներկայացվել հակառակորդի 1 «Ուրալ»՝ իր անձնակազմով հօդս ցնդեցնելու համար: Նույն տիպի պետական պարգևների են ներկայացվել կապիտան Մխիթար Արթուրի Օհանյանը՝ հակառակորդի շարասյուն ոչնչացնելու, կապիտան Արման Ռաֆիկի Ավետիսյանը՝ թշնամու 2 «ԿամԱԶ» խոցելու և կրտսեր սերժանտ Արման Արթուրի Քոչարյանը՝ նույնպես թշնամական ուժերի շարասյուն ոչնչացնելու համար:
Բուժծառայության լեյտենանտ Դավիթ Սամվելի Չիթչյանը հակառակորդի կրակի տակից դուրս է բերել վիրավոր զինծառայողներին, տեղափոխել թիկունք և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Ներկայացված է «Արիության համար» մեդալի: Նույն տիպի մեդալ կստանա նաև վարորդ, շարքային-պայմանագրային Մերուժան Ստեփանի Բեգլարյանը՝ նշված գործողությանը գործուն մասնակցություն ունենալու համար:
Թշնամական հրետակոծության գոտուց 16 վիրավորների դուրս բերելու և բուժօգնություն ցուցաբերելու համար «Արիության համար» մեդալի է ներկայացվել նաև ենթասպա Արցախ Արթուրի Բարսեղյանը:
Սերժանտ-պայմանագրային Մեխակ Բենիկի Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ՝ տարբեր զորամասերից և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Ընդ որում, այդ պահին շտապօգնության մեքենան եղել է խոցված՝ առանց անվադողերի: Ներկայացվել է «Արիության համար» մեդալի: