Հայաստանում կստեղծվի աշխարհազոր. խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրինագիծը: Օրենսդրորեն սահմանվում է «աշխարհազոր» եզրույթը՝ որպես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի, ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ:
Գաբրիել Բալայան (ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ) - Աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով և ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած կլինի զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից:
Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը աշխարհազորային շտաբի միջոցով: Աշխարհազորային զորամիավորումը կղեկավարի համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալը, Երևանում՝ քաղաքապետի տեղակալը:
Գաբրիել Բալայան - Աշխարհազորայինի հետ կնքվում է պայմանագիր, նրան ամրակցվում է զենք, հատկացվում է համազգեստ:
Պաշտպանության փոխնախարարը հստակեցրեց՝ աշխարհազորը բացառապես կամավորության սկզբունքի հիման վրա է: Կարող են ընդգրկվել պահեստազորում հաշվառված, բայց կցագրում չունեցող քաղաքացիները: Ազգային ժողովն ընդունեց նաև օրինագիծը, որը կարգավորում է ռազմական դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները:
Գաբրիել Բալայան - Գույքը վերցնելիս արձանագրություն է կազմվում, և եթե գույքին վնաս է հասցվում, կառավարությունը սահմանված կարգով հատուցում է տրամադրում: Եթե գույքի կորուստ կամ ոչնչացում է լինում, համապատասխան չափով հատուցում է տրամադրվում:
Ռազմական դրության, պատերազմի ժամանակ քրեական մի շարք հոդվածներով պատժաչափերը կխստացվեն: Գործադիրի այս առաջարկին ևս պատգամավորները հավանություն տվեցին, քվեարկեցին 1-ին ընթերցմամբ:
Գաբրիել Բալայան - Ազգային ժողովը վավերացրած միջազգային կոնվենցիան, որն այս պահին ուժի մեջ է 36 երկրի համար, ամրագրում է՝ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումն ու ուսուցումը քրեորեն հետապնդելի արարք են: Պետությունները պարտավորվում են չհավաքագրել, չֆինասավորել վարձկաններին, նաև անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրա հետապնդման և կանխարգելման դեմ:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Վերահաստատելու ենք վարձկանների հարցերով ՄԱԿ-ի մարդու իրավունքների բանաձևերի որոշումների ուղղությամբ, կոնվենցիային միանալով, 1997-ից կողմ հանդիսացող Ադրբեջանի դեմ, պատերազմում ահաբեկիչների օգտագործելու առնչությամբ: Նաև Թուրքիայի համար որպես հանցակից կողմ:
Խորհրդարանն արտահերթ նիստի օրակարգի հարցերի 2-րդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը կկազմակերպի չորեքշաբթի: