Արցախի Հանրապետությունում այս պահին իրավիճակը կայուն-լարված է: Հակառակորդի թիրախի տակ են կրկին Ասկերանի վերին ենթաշրջանները` Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերը:
«Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը՝ ամփոփելով Արցախի բնակավայրերում տիրող իրավիճակը։
«Իրավիճակը այս պահին հանրապետությունում կայուն-լարված է: Լարվածությունը պահպանվում է Ասկերանի վերին ենթաշրջաններում` Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերում, պայմանավորված է հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի հետ, ինչպես նաև աշխատում են մեր և հակառակորդի հրետանային ստորաբաժանումները»,- ասել է Թադևոսյանը:
Ինչ վերաբերում է Մարտակերտի և Մարտունու հատվածներին, Թադևոսյանը հայտնեց, որ Մարտունիում ցերեկային ժամերին օդային տագնապ էր հայտարարվել` երկնքում նկատվել էր անօդաչու թռչող սարք:
Նա հայտնեց, որ Բերձորի ուղղությամբ հակառակորդը հրետանի է կիրառել: Մարտունի քաղաքը ռմբակոծվել է, կիրառվել է ռազմական ավիացիա: Մարտունու շրջանի Ննգի գյուղի հրետակոծության հետևանքով 3 կին վիրավորվել է: Կան նաև ավերածություններ:
Արցախի ԱԻՊԾ-ի ներկայացուցչի խոսքով` մայրաքաղաք Ստեփանակերտում օրվա ընթացքում իրավիճակը նույնպես հանգիստ է եղել: