1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, երբ Ազգային ժողովում ընթանում էր կառավարության անդամների հետ հարցուպատասխանը, նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք և կրակ բացեցին՝ թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին և ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին:
Զինված անձինք էին՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը: Նրանց կրակոցներից սպանվեց 8 մարդ՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:
Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած գործողությունների ղեկավարը Նաիրի Հունանյանն էր, որը նախկինում Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ է եղել, իսկ 1992 թվականին հեռացվել է կուսակցության շարքերից: Հետագայում Նաիրի Հունանյանը ցուցմունք տվեց և հայտարարեց, թե ինքը պետական մակարդակով ահաբեկչական ծրագրեր է ունեցել 1991 թվականին, բայց հանգամանքների բերումով չի կարողացել իրագործել:
Նշենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:
Վեց ամբաստանյալները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը, դատապարտվել են ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել Քրեական օրենսգրքի 300-րդ (Պետական իշխանությունը յուրացնելը), 305-րդ (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը), 34-305-րդ (Իշխանությունը յուրացնելու փորձ), 217-րդ (Ահաբեկչություն), 133-րդ (Ազատությունից ապօրինի զրկելը), 235-րդ (Ապօրինի զենք ձեռք բերելը, իրացնելը, կրելը) հոդվածներով: