Այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի Պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաև բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են և կկանգնեն մեր կողքին: Շնորհակալ հայ ժողովուրդն այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա: Եվ առավել ևս այս ֆոնին՝ մեզ մնում է ամրացնել մեր կամքը, մեկտեղել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը»,- նշեց վարչապետը:
Այս պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պիտի դառնա բացարձակ ու անփոխարինելի առաջնահերթություն, ու մենք կհաղթենք: Այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է ղարաբաղյան հակամարտության ընկալումն աշխարհում։ Միջազգային գլխավոր դերակատարներն այժմ ընդունում և բաց հայտարարում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը։ Ահաբեկիչների և վարձկանների՝ Ադրբեջանի կողմից կռվելն արդեն հաստատված փաստ է աշխարհում։
«Սա հնարավոր է դարձել, այդ թվում՝ մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի և հրապարակային կառուցողական շեշտադրումների արդյունքում։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանն ինչպես առաջ, այնպես էլ հիմա, պատրաստ չէ փոխզիջումների: Իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչև վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու և հաղթանակները վայելելու հայ ժողովրդի իրավունքը:
Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչնչից: Թույլ չենք տալու ներքին և արտաքին որևէ ուժի կասկած սերմանել ազատ և երջանիկ մեր ապագայի նկատմամբ: Մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից:
Այս ամենը չի փոխելու վերը շարադրված մեր ռազմավարությունը, որովհետև՝
Մենք պարտվել ենք, պարտվել ենք քանիցս,
Եվ տեսել քմծիծաղը ստի,
Բայց մեր կամքն ամուր է քարից էլ,
Մեր ոգին հանձնվել չգիտի:
Եվ ուրեմն՝ դու հաղթող ես, հայ ժողովուրդ: Գնա և վերցրու քո հաղթանակը, կանգնիր և կերտիր քո հաղթանակը: Եվ վստահ եղիր՝ քո ընտրած կառավարությունը ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չի շեղվել ու չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու իր գործից ու պարտականությունից:
Եվ ուրեմն,
Կեցցե՛ Ազատությունը
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը
Կեցցե՛ Հայոց բանակն ու Հայ զինվորը
Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ և երջանիկ Արցախում»,- իրեն բնորոշ կերպով այսօրվա ուղերձը եզրափակեց գերագույն գլխավոր հրամանատարը: