ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում` լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց, որ երեկ վարչապետն իր ուղիղ եթերում նկատի ուներ, որ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել բանակցությունների, և եթե դրա ընթացքում լիներ որևիցե առաջարկ, որը ընդունելի կլիներ մեզ համար, դա կդրվեր ՀՀ և ԱՀ ժողովրդի քննարկմանը: Բայց նման առաջարկներ չեն եղել, չկան ու այլևս չեն կարող լինել:
«Պատերազմը, որն ունի այդքան մեծ ծավալ, ունի իր խնդիրներն ու դրական կողմերը: Կարող եմ ուրախացնել համաքաղաքացիներին. այսօր այդ դրական կողմերն ավելի շատ են, կարելի է ասել՝ անսպասելիությունը, անհավատ վիճակն արդեն անցել է, և կոնկրետ գործողություններ են տեղի ունենում: Կարող եմ ասել, որ մեր բանակը, մեր տղերքն ու մեր կամքը բավականին բարձր մակարդակում են, և դա ապացուցում ենք թշնամու մռութին տալով:
Պետք է նաև արձանագրենք, որ ի սկզբանե էլ հայ զինվորը, Հայաստանը, Արցախն ու արցախցին կանգնել ու կանգնեցրել են մի բան, որը թշնամին ուզում էր անել. թշնամու տրամաբանությամբ՝ իր անկախության օրն ինքը պատրաստվում էր նշել Ստեփանակերտում: Եվ պատրաստվել է շատ արագ պատերազմ, արագ բլից կրիգ անելու մի պլան, որը մեր տղաները կանգնեցրել ու կասեցրել են, ու պատերազմը մտել է շատ ավելի ձգձգվող փուլ»,-նշեց փոխխոսնակը:
Սիմոնյանի խոսքով՝ հարձակման ալիք է եղել Թուրքիայի և ահաբեկիչների մասնակցությամբ, այդ ալիքը կարող էր և բոլոր պատերազմների ժամանակ ինչ-որ հաջողություն գրանցել, բայց թող որևէ մեկը դրանից չոգևորվի:
Սպասենք լավ լուրերի՝ հավելեց նա: