Առատաշենցիների հերթական կամավորական ջոկատը ռազմաճակատ մեկնեց Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցու կամարների տակ երդվելուց հետո։
Մի քանի տասնյակ տղամարդիկ, թողնելով տուն ու ընտանիք, գյուղատնտեսական աշխատանքները վստահելով կանանց ու մայրերին, գնացին հայրենական կռիվ տալու և թշնամուն հայոց աշխարհի սահմաններից մեկընդմիշտ հեռացնելու համար։
Արամ Պողոսյան (կամավորական ջոկատի հրամանատար) - Էս պահից զինվոր ենք, կատարում ենք պետության, հրամանատարների հրամանները։
Մինչև մեկնելը, Արցախյան առաջին պատերազմով անցած հրամանատարը մեկ անգամ ևս հիշեցրեց հայոց պատմության ողբերգական էջերը, որոնցից դասեր ենք քաղել ու շարժվում ենք առաջ։ 30 տարի առաջ, երբ ընդամենը երկփողանի հրացանով էինք կռվում, կարողացանք հետ մղել թշնամուն։ Հիմա ժամանակակից սպառազինություն ունենք և կամք ու վճռականություն՝ հաղթելու ոսոխին՝ ասաց հրամանատարը։
Զինտեխնիկայով ու մարդկային ռեսուրսներով տասնյակ անգամ գերազանցող թշնամու կայսերապաշտական ցանկությունները նորից գլուխ են բարձրացել։ Դրանք պետք է խեղդել՝ մի բռունցք դարձած։ Իսկ վրեժը, որ կուտակվել է ցեղասպանության ժառանգների տեղահան եղած թոռների ու մորթված ապուպապերի արյան դիմաց, լուծում է պահանջում։
Արամ Պողոսյան - Մեր պապերը տեսել են ցեղասպանություն՝ լռելով, հանդուրժելով թշնամուն, բայց մեր սերունդները չեն ուզում հանդուրժել: Իմ զավակներն այսօր ինձ հետ պահպանում են Հայրենիքը։ Դրանք փոշմանելու են, որ մտել են մեր սահմանը, մերոնք չեն կռվում գումարի համար, կռվում են մեր պատիվը պահելու համար։
Կամավորականների ջոկատն արդեն գիտի՝ որ ուղղության վրա է մարտեր մղելու։ Պատերազմ են գնում վերջին կռիվը տալու և աշխարհի առաջ բարձր գլխով կանգնելու վճռականությամբ։