«Վստահ եմ, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ֆրանսիայում հասկանում են, որ այսօր Հայաստանը այն դարպասն է, ամրոցն է, որը կանգնած է միջազգային ահաբեկչության դեմ, որը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Իսկ ՀԱՊԿ-ին դիմելու համար, ըստ ԱԺ փոխնախագահի, մենք պետք է վստահ լինենք, որ այդ գործողությունները բավարար են, որ համապատասխան արձագանք լինի:
«Գիտեք՝ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ, այսինքն՝ այն պարագայում, երբ կտեսնենք, որ կան անհերքելի փաստեր, որոնք ՀԱՊԿ-ի քննարկման շրջանակներում դժվար կլինի կասկածի տակ դնել, քայլը կարվի այն ժամանակ, երբ վստահ կլինենք, որ կստանա դրական պատասխան: Այսօր մենք դրա կարիքը չունենք: Բայց ՀՀ սահմաններին վտանգի պարագայում, վստահեցնում եմ, որ մեր գործընկերները, դաշնակիցները չեն թողնի՝ իրավիճակը շատ խորանա»,- նշեց Սիմոնյանը: