1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի դեպքերի քրոնիկոնը:
Հրադադարը չպահպանելու հետևանքով այսօր Արցախում խաղաղ բնակիչներ են զոհվել ու վիրավորվել. ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի միկրոբլոգում հայտնել է` կցանկանար փաստել այն, որ միջազգային հանրության ջանքերը՝ այս անգամ Միացյալ Նահանգների միջնորդությամբ հրադադար հաստատելու ուղղությամբ, ձախողվել են։ «Ի հետևանք՝ այսօր Արցախում, Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ»,- եզրափակել է նա։
Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան մեր տղաների վարպետության շնորհիվ․ Պողոսյան
ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում՝ ժամը 22։51-ին, գրառում է կատարել՝
հայտնելով․ «Թշնամական երկու անհյուրընկալ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան մեր տղաների վարպետության շնորհիվ: Փա՛ռք Հայոց բանակին»:
Թշնամական հրոսակներին, չնայած թվացյալ հաջողություններին, չի հաջողվել ճեղքել հարավարևելյան առաջնագիծը․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ
Երեկ, ցավոք, ուշ ժամին մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր վաղ առավոտյան, ինչպես հայտնեց ՊԲ-ն, ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ, հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով՝ միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները։ Կա արդեն պաշտոնական հաղորդագրություն տուժած քաղաքացիական անձանց մասին»,- ասել է Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը՝ կոնկրետ տվյալ բնագիծը, թեև որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել, բայց մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը։
Հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. վարչապետ
«Ես կարծում եմ՝ այո՛, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների: Կարող եմ ասել՝ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների: Բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ՝ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի։ Ինչքան էլ անհնար է թվում, մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու: Հաշվի առնելով նաև մեզանից ակնկալվող միջազգային ճկունությունը՝ պետք է ուժ ունենանք գործելու մեր շահերի կարմիր գծերին մոտ, բայց, մյուս կողմից՝ անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը գնա կապիտուլյացիայի: Հետևաբար պետք է գտնենք ռեսուրսներ, որպեսզի իրավիճակը դարձնենք այնպիսին, որ Ադրբեջանի պահանջն այլևս լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ՝ փոխզիջումը»,- ասել է ՀՀ վարչապետը։
Ադրբեջանի իշխանությունները նպատակ չունեն վերսկսելու խաղաղ երկխոսությունը. ԱՀ նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հումանիտար հրադադար հաստատելու պայմանավորվածությունը խախտելուն: «Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել այդ նպատակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Ինչպես և նախորդ անգամները, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը վերահաստատում էր Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և Փարիզում հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարը կյանքի կոչելու և պահպանելու կողմերի հանձնառությունը, այսօր կրկին կոպտորեն խախտվել է պաշտոնական Բաքվի կողմից: Հատկապես օրվա երկրորդ կեսին Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ»,- ասել է ԱՀ նախագահը:
Հակառակորդը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծում է Մարտունու շրջանը․ ԱՀ ԱԻՊԾ
Այս պահին թշնամական ուժերը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։ Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են` ժամը 18։33-ին տեղեկացրել են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է. ՊՆ խոսնակ
Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր՝ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. ՊՆ ներկայացուցիչ
«Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում»,- ժամը 16։31-ին հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավետարանոց գյուղում հրթիռակոծությունից զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 26-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը՝
հայտնել է ԱՀ ՄԻՊ գրասենյակը: Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել է քաղաքացիական երկու անձ՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը:
Թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա. ԱՀ ԱԻՊԾ
Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։ Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա՝ կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը։ Այս մասին ժամը 11։13-ին հայտնել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է. ԱՀ ԱԻՊԾ (ժամը՝ 09։24)
Ժամը 8։00-ից հետո Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է։ Այս մասին հայտնել են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Բոլոր ուղղություններում մինչ այս ժամը պահպանվում է հումանիտար հրադադարի ռեժիմը»,-
գրված է հաղորդագրությունում։
09:10-ի սահմաններում հակառակորդը հարավարևելյան ուղղությամբ արձակել է հինգ հրետանային արկ. ՊՆ խոսնակ
Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ժամը 8:45-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ խոսնակ
Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ժամը 08:00-ը չլրացած՝ Ադրբեջանի ՊՆ-ն շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը խախտելու մեջ, ապա հեռացրեց տեղեկատվությունը. ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են. «ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, որն ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ը չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում»:
Հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան