Ազգային ժողովն իր հերթական նիստում քննարկեց մի շարք համաձայնագրերի վերջնաժամկետը երկարացնելու մասին նախագծեր:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենք նախագիծը։
Տերտերյանը նշեց, որ այդ համաձայնագրով առաջարկել են երկարացնել գործունեության ժամկետը մինչև 2022 թ. դեկտեմբերի 30-ը։ Ծրագիրը վերաբերում է 11 քաղաքների և 41 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հատվածների հրատապ վերականգնման աշխատանքներին և 560 գյուղական բնակավայրերից ընտրված մի շարք բնակավայրերում կենտրոնացված, ամբողջական ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնող ծրագրին։
Այս ծրագրի շրջանակներում, նախնական գնահատմամբ՝ ակնկալվում է հիմնանորոգել 555 կմ փողոցային ջրագիծ և 36,5 կմ կոյուղագիծ, ինչպես նաև տեղադրել շուրջ 27 հազար անհատական ջրաչափական հորեր։
ԱԺ-ն քննարկեց նաև Կառավարության ներկայացրած ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թ. հունիսի 22-ին ստորագրված «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ - փուլ 1» - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Վաչե Տերտերյանը ներկայացրեց, որ այդ համաձայնագիրը ևս ժամկետի երկարացման մասին է։ Առաջարկվում է ժամկետ երկարացնել և համաձայնեցրել են ֆինանսավորող գործընկերների հետ այն երկարացնել մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Այն առնչվում է նաև Կապսի ջրամբարի կառուցման ծրագրին։
Քննարկվեց նաև ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թ. հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշեց, որ նախատեսվում է ժամկետը երկարաձգել ևս 5 տարով՝ մինչև 2025 թվական։