Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի. հայտարարել է ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը:
«Մենք աշխատում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության և պաշտպանության նախարարության ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ` տվյալ անձանց նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ, որը վերաբերում է բժշկական օգնությանը, չխոշտանգելուն և այլն»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ ևս երկուսի մասով տվյալները ճշտվում են։
Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում այս պահին ռազմագերու կարգավիճակով վարձկան ահաբեկիչ չունեն, սակայն կան բազմաթիվ փաստական տվյալներ ռազմական գործողություններում նրանց ներգրավման վերաբերյալ։
Վարդանյանն անդրադարձավ նաև Հայաստանում պահվող ադրբեջանական կողմի ռազմագերիներին: Ըստ նրա՝ քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ հարցաքննվել է երկու ռազմագերի:
«Նրանք պահվում են միջազգային բոլոր մարդասիրական նորմերին համապատասխան։ Ամենաբարձր մակարդակով ստանում են բժշկական օգնություն, երեքանգամյա սնունդ և մնացած բոլոր պահանջները ապահովված են։ Նույնիսկ հարցաքննության ընթացքում նշել են, որ Ադրբեջանում դժվար թե սրանից ավելի լավ վերաբերմունքի արժանանային»,- ասաց Վարդանյանը։