Այս օրերին մեր պարտքն է մասնակցել զորահավաքին և հաղթանակը դարձնել անբեկանելի: Այդ մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նա համոզված է, որ թշնամուն չի հաջողվելու կոտրել հայ ժողովրդի ոգին: «Պետք է միասնական դառնանք, ևս մեկ անգամ պետք է ապացուցենք, որ մեր ազատությունն ու անկախությունը սակարկելի չեն, և որ Արցախը հավերժ է մեր բանակի, մեր ժողովրդի և մեր ազգային համախմբվածության շնորհիվ»,- նշեց Բագրատյանը:
Պատգամավորը կոչ արեց բոլոր պետություններին ճանաչել Արցախի անկախությունը՝ դրանով իսկ կանխել Արցախում տեղի ունեցող վայրագությունները:
Նա հորդորեց վստահել ռազմական ղեկավարությանը, և հաղթանակը մերն է լինելու: