ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել ֆրանսիացի օրենսդիրների այցը և արցախահայության համար կարևոր այս ժամանակաշրջանում ցուցաբերված համերաշխությունը: Ֆրանսիացի օրենսդիրները կիսվել են իրենց այցի շրջանակներում Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների տպավորություններով:
Հանդիպման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակն էր: Նախարար Մնացականյանը հյուրերի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների և բազմաթիվ պատերազմական հանցագործությունների վրա՝ ի թիվս այլոց ընդգծելով միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքն ու սպանությունը:
Անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի աճող բացասական ներգրավվածությանը, որն արտահայտվում է վերջինիս կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմատեխնիկական ուղղակի աջակցությամբ և հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայմամբ, նախարար Մնացականյանը շեշտել է, որ այդօրինակ դերակատարությունն ոչ միայն անմիջական սպառնալիք է Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգությանը, այլ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:
Այս համատեքստում նախարար Մնացականյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների ջանքերը թուրք-ադրբեջանական ագրեսիայի դատապարտման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչման կարևորության բարձրաձայնման գործում:
Կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ կյանքի կոչման անհրաժեշտությունը: