BBC-ն գրում է, որ Սիրիայում ՌԴ ռազմաօդային ուժերի հասցրած հարվածների հետևանքով Իդլիբ նահանգում սպանվել են ավելի քան 50 իսլամիստ գրոհայիններ, որոնք վայելում էին Թուրքիայի հովանավորությունը: Տասնյակ զինյալներ վիրավորվել են:
Ռուսական օդուժը գլխավոր հարվածները հասցրել է «Ֆայլաք աշ Շամ» խմբավորման ճամբարին, որը գտնվում է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին: Բրիտանիայում գործող՝ Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի տվյալով՝ սպանվել է 78 գրոհային: Ըստ աղբյուրի՝ բազմաթիվ զինյալներ ծանր վիրավորվել են, և, հավանաբար, մահացածների թիվը կավելանա: BBC-ն նշում է, որ Իդլիբը Սիրիայում գործող գրոհայինների թերևս վերջին հենակետն է:
Որոշ փորձագետներ արդեն կարծիք են հայտնել, որ ռուսական օդուժի հարվածը Մոսկվայի նախազգուշացումն է Թուրքիայի նախագահ Էրդողանին, որի զինված ուժերն Արցախի դեմ պատերազմում աջակցում են Ադրբեջանին: Ռազմական փորձագետ Նիկոլաս Հերասը «Ֆրանսպրես» գործակալության հետ զրույցում ասել է, որ ավիահարվածը հստակ ուղերձ է Էրդողանին: «(Վլադիմիր) Պուտինն ասում է, որ ինքը կարող է ցանկացած պահի հարվածել Սիրիայում, եթե Թուրքիան չթուլացնի լարվածությունը, որը հակասում է Ռուսաստանի շահերին Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում»,- նշել է Հերասը:
Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը նշել է, որ Արցախում հայկական զինված ուժերի դեմ կռվող գրոհայինների մի մասը հենց «Ֆայլաք աշ Շամ» խմբավորման անդամներ են: