Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 71 պատգամավոր:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ նախագծով օրենսդրորեն սահմանվում է «աշխարհազոր» եզրույթը՝ որպես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ:
Ըստ փոխնախարարի՝ աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով, բաղկացած է լինելու զորամիավորումներից, բրիգադներից և գումարտակներից:
Նրա խոսքով՝ աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացվելու է ԶՈՒ ԳՇ պետի կողմից, աշխարհազորային զորամիավորման ղեկավար է հանդիսանալու համապատասխան տարածքային կառավարման մարմինների ղեկավարի տեղակալը, Երևանում՝ քաղաքապետի տեղակալը: