Արտադրված է Հայաստանում հայկական զարդանախշերով նուրբ անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը, հիմա ոչ զարդանախշերով, բայց առաջնագծի զինվորի համար տաք քնապարկեր է արտադրում:
Կարինե Եսայան (դերձակ) - Իհարկե, դժվար է, մի քիչ ծանր գործ է, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ մեր տղաների համար լավ լինի:
Առաջին խմբաքանակը՝ 200 քնապարկ, նույնքան էլ անձրևանոց, արդեն առաջնագծում են: Առաջին արձագանքները կան: Ջրակայուն ու տաք քնապարկերը նախատեսված են ձմեռային պայմանների համար:
Նաիրա Մելքոնյան (դերձակ) - Սա սինիպոն է՝ չորս սանտիմետրանոց, որը բավականին հաստ է, ջուրը չի քաշում կտորի վրայից, շատ տաք է: Մեր զինվորներն ասել են այնտեղից, որ շատ տաք է:
Ընկերության հիմնադիր Տիգրան Հովհաննիսյանը հենց առաջնագծից խորհրդատու ունի: Որպեսզի և՛ քնապարկը, և՛ անձրևանոցը գործածության համար հարմար լինեն, խորհրդակցում է դիրքերում կռվող եղբոր հետ, կարելուց հետո էլ նմուշն անձամբ է փորձում:
Տիգրան Հովհաննիսյան (ընկերության հիմնադիր) - Կարեցինք-վերջացրինք, խնդրում ենք հիմնադրին... Ինձնից լավ մանեկեն. եթե ինձ լինում է, ուրեմն 90 տոկոսով՝ զինվորներին լավ կլինի:
Քնապարկով ու անձրևանոցով չեն սահմանափակվելու, անցնելու են ավելի բարդ պատվերի: Շուտով կարտադրեն նաև կյանքեր փրկող զրահաբաճկոններ՝ ասում է Տիգրանը:
Տիգրան Հովհաննիսյան - Դե, սրա վրայից կարելի է զրահաբաճկոն հագնել, իհարկե:
Համագործակցում են «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի հետ: Հաճախ օգնության են հասնում նաև կամավորները: Արդեն որոշել են՝ պատերազմն ավարտվելուց հետո էլ կշարունակեն արտադրել բանակի համար:
Սոնա Հովհանիսյան (ընկերության համահիմնադիր) - Շնորհակալություն բոլոր այն ընկերություններին, որոնք մեզ հետ նույն գործն են անում, մինչև մոտ օրերս հաղթանակ նշենք՝ վստահ ենք: Կշարունակենք այս աշխատանքը, բայց արդեն խաղաղ պայմաններում:
Մի քանի օրից արդեն երկրորդ խմբաքանակը առաջնագծում կլինի: