Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք պատերազմի առաջին օրվանից ինքնաբուխ կատարեցին հումանիտար ուղեբեռի կազմակերպում ու փոխանցում, և այս մասով կան մի քանի պարզաբանումներ: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
«Մի քանի շեշտադրում պիտի անեմ, որը, մասնավորապես, ուղղված է Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք իրենց ավանդն են ներդնում և ինտենսիվ կերպով Հայաստան են ուղարկում հումանիտար ուղեբեռ: Ուզում եմ ներկայացնել, թե ինչպես են տեղի ունենում ուղեբեռի ընդունումն ու բացթողումը: Ցանկացած բեռ, որը մտնում է Հայաստան, հանձնվում է հօգուտ պետության: ԱԻՆ-ի անունով ստացված ուղեբեռը տանում ենք ԱԻՆ-ի պահեստ, տեսակավորում և առանձնացնում ենք ըստ նշանակության»,- ասաց Փամբուխչյանը:
Նրա խոսքով` դրանց մեջ շատ հաճախ լինում են առողջապահական ուղեբեռ, պաշտպանական նշանակության, սնունդ կամ հագուստ: Սնունդն ու հագուստն առանձնացվում են և առաջնահերթության կարգով ուղարկվում Արցախ` առաջնագիծ, կամ ապաստարաններում գտնվող քաղաքացիներին:
«Սննդի և հագուստի ինչ-որ մի մաս բաժին է հասնում Հայաստանում Արցախից ժամանակավոր ժամանած քաղաքացիներին: Երբեմն լինում է ուղեբեռ, երբ մեր հայրենակիցն ուղարկում է որոշակի հասցեատիրոջ: Այն ստանալուն պես մենք չենք կարող փոխանցել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց: Նման դեպքերում, եթե կա հստակ հասցե, դա կազմակերպվում է համայնքների միջոցով: Համայնքը պետք է մեզ նախապես տեղյակ պահի, որ ինքն ունի ինչ-որ քանակի սննդի կարիք, և այդ սնունդն ԱԻՆ-ի պահեստից մենք կարող ենք տրամադրել տվյալ համայնքին»,- ասաց նա:
Փամբուխչյանը հավելեց` ամբողջ բեռը փաստաթղթավորված է, ընդունումն ու հանձնումը կատարվում են համապատասխան ակտերով, և այդ ամենը վերահսկելի է, ու կա հաշվետվություն: ԱԻ նախարարի տեղակալը վերջում Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին կոչ արեց՝ հավատալ և վստահել պետական մարմիններին, որոնք էլ կուղղորդեն ուղեբեռն ըստ հասցեների և ըստ նշանակության: