Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում վիրավորում ստացած անձը բողոքում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակցի դրսևորած վարքից։ Մասնավորապես, ի պատասխան տվյալ անձի [ոչ ուղղակի մեջբերումներ]՝ «քո համար եմ վնասվածք ստացել» արտահայտությանը, աշխատողը պատասխանել է. «Ինձ համար ով որ պետք է, արել է ամեն բան, դու դա արել ես քո ծնողների համար»:
«Հասկանալով սոցիալական աջակցության համար դիմած անձի վրդովմունքը` հայտնում ենք, որ աշխատողը նախկինում զոհված զինծառայողի մայր է և արտահայտությունը ընդունել է խիստ անձնական։
Միջադեպի համար վերստին հայցում ենք անձի ներողամտությունը՝ բոլոր քաղաքացիներին վստահեցնելով, որ նախարարությունը հետևողական է ծառայությունները քաղաքացիների համար լավագույն մատուցելու պահանջին։
Միևնույն ժամանակ, օգտվելով առիթից խնդրում ենք սոցիալական ոլորտի աշխատողներին՝
ապրումակցել և հոգատարություն դրսևորել այս օրերին սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած անձանց խնդիրների նկատմամբ.
հարգել անձանց կարծիքները, ցանկությունները և տեղեկացնել սահմանված կարգով դրանք իրականացնելու ձևերը, հնարավորության դեպքում նաև այն պարագայում, երբ տվյալ կառույցը տվյալ պահանջին առնչվող գործառույթներ չունի.
հարգել շահառուների տրամադրվող ծառայություններից հրաժարվելու կամ դժգոհելու իրավունքը.
սոցիալական ծառայություններ մատուցելիս մասնակից չդառնալ որևէ հիմքով խտրականության դրսևորումներ ունեցող երկխոսություններից և գործողություններից.
նկատի ունենալ մարդկանց բազմազանությունը, այդ թվում՝ հանդուրժողականություն դրսևորել սովորույթների, համոզմունքների, կենցաղի նկատմամբ.
խուսափել անհարկի խոստումներից.
չստորադասել շահառուների կարիքները այլ՝ երկրում առկա օրակարգային հարցերից.
անձնական հետաքրքրասիրությունից ելնելով չտալ հարցեր այնպիսի երևույթների մասին, որոնք կարող են ցավ կամ ծանր հիշողություններ առաջացնել.
պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը ինչպես անձնական տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո:
Սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացիներին՝
հարգել աշխատողների արժանապատվությունը.
նկատի ունենալ, որ այս օրերին ծանր ապրումներ կարող են ունենալ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ սոցիալական աշխատողները, և նրանք ևս կարող են լինել զոհված զինծառայողի, վիրավորված անձի, օրերով տուն չայցելած բժշկի ընտանիքի անդամ, տեղահանված անձ և այլ.
նկատի ունենալ, որ սոցիալական աշխատողները օրվա ընթացքում հաղորդակցվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տասնյակ քաղաքացիների հետ, և այդ իրավիճակները ուղղակիորեն ազդում են իրենց հուզական և ֆիզիկական վիճակի վրա (ներառյալ՝ ֆիզիկական և հոգեկան հյուծվածության, ֆիզիկական ցավերի, խնդիրներից շեղվելու անկարողության և այլ տեսքով).
այն դեպքերում, երբ աշխատողը հայտնում է, որ տվյալ մարմինը չի զբաղվում այս կամ այն հարցով, սակայն դա Ձեզ համոզիչ չի թվում, կարող եք դիմել գրավոր.
ծառայությունների մատուցման որակի բարելավման նպատակով դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ՝ 114, հայտնելով ձեզ ծառայություն մատուցման օրը, ժամը, անձի անունը և ձեր դժգոհությունը կամ առաջարկները.
խուսափել համացանցում միանգամից այդ մասին հրապարակումներ անելուց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ձեր գրառումները կամ տեսանյութերը կարող են օգտագործվել այլ անձանց կողմից, որոնք կարող են չհետապնդել նույն նպատակները, ինչ դուք, խեղաթյուրել իրականությունը, խոցելի իրավիճակում դնել Ձեզ, Ձեր հարազատներին կամ սոցիալական աշխատողներին»,- ասվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության մեջ: