Պատերազմի 29-րդ օրը ռազմաճակատում հարաբերական-կայուն լարված է եղել: Հրթիռահրետանային և օդային հարվածների տակ են հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք ընկած Արցախի բոլոր բնակավայրերը: Ամբողջ ճակատում հիմնականում տեղային նշանակության մարտեր են: Եթե անցնող գիշեր թշնամին հրետանային հարվածներով կրակում էր Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ, ապա կեսօրին արդեն իրավիճակը փոխվեց. պաշտպանության բանակը հրետանային հուժկու հարվածներով ճնշեց հակառակորդին:
Թշնամին մեկ կռվում, մեկ խելապատառ նահանջում է. արդյունքում՝ մերոնք կամ առգրավում կամ ոչնչացնում են զինտեխնիկան: Այս լուսանկարում ադրբեջանական զինուժի «Ուրալն» է. այս դեպքում Արցախի բանակը ոչ թե խոցել, այլ վերցրել է անտեր թողնված մեքենան: Իսկ ահա այս տեսանյութում մեր բանակը ոչնչացնում է հակառակորդի զինտեխնիկան, գրեթե հողին են հավասարվում մարտական դիրքերն ու հենակետերը:
Հինգերորդ սերնդի պատերազմում թշնամին օր օրի կորցնում է նաև անօդաչու թռչող սարքերը: Մեր ՀՕՊ զորքերն այսօր էլ են մեկը խոցել: Ավելի ուշ Արցախի բանակը փաստերով խոսեց՝ հրապարակելով ոչնչացված անօդաչուի լուսանկարը:
Ադրբեջանում խուճապ է բառիս ամենալայն իմաստով: Ըստ հետախուզության տվյալների՝ ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները իրենցից խլում են ոչ միայն անձնագրերը, այլև հեռախոսները։ «Բոլորս հասկանում ենք՝ դա ինչի համար է կատարվում»,- մեկնաբանել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Արցախի բնակավայրերից մի քանիսում դեռ կան հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբեր, բայց վարձկան ահաբեկիչներն Արցախի հողում այնքան էլ երկար կյանք չեն ունենում. մեր ստորաբաժանումները հայտնաբերում, վնասազերծում կամ էլ ոչնչացնում են դրանց:
Հայ զինվորն օր օրի սերտելով թշնամու որդեգրած մարտավարության դասերը՝ դառնում է ստեղծված իրադրության տերը: Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ ժամեր առաջ Կարմիր Շուկայի ձորակում անձամբ է տեսել թշնամու դիվերսիոն խմբերի ոչնչացումը: