Շախմատի Հայաստանի քառակի չեմպիոն, կանանց ընտրանու անդամ Մարիա Գևորգյանը Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրվանից միացել է թիկունքն ամուր պահելու գործին։ Տարատեսակ կամավորական աշխատանքներում և տեղեկատվական պատերազմում ակտիվ ներգրավածությունից բացի՝ գրոսմայստերը հանդես է եկել շախմատային նախաձեռնությամբ՝ Ազատության հրապարակում անցկացնելով «Խաղանք շախմատ Արցախի համար» մրցաշարը։
Մարիան շուրջ 6 ժամ միաժամանակյա շախմատ է խաղացել տասնյակ մասնակիցների հետ: Հայաստանի բազմակի չեմպիոնի հետ մրցելու պայմանը մեկն է եղել՝ նախապես հանգանակություն կատարել Արցախի համար։ Մարիան պատմում է, որ բարեգործական մրցաշար անցկացնելու գաղափար ունեցել է պատերազմի առաջին օրերից, և վճռականություն է գտել իրականացնելու այն, երբ տեսել է առաջնագծում շախմատ խաղացող զինվորների լուսանկարը։
«Ստեղծված պայմաններում մրցաշար կազմակերպելը դժվար էր, բայց երբ համացանցում տեսա առաջնագծում շախմատ խաղացող զինվորների նկարը, վերջնականապես որոշեցի անցնել գործի։ Այդպես ընկերներիս աջակցությամբ հաջողվեց կազմակերպել մրցաշարը, խաղացի 6 ժամ անդադար։
Սեպտեմբերի 27-ից խաղատախտակին մոտ չէի գնացել, գուցե խաղային կարոտից էր, որ այդքան դիմացա»,- ասում է Մարիան՝ ընդգծելով, որ մրցաշարում հաղթողներ և պարտվողներ չեն եղել, քանի որ մասնակիցների՝ բանակին աջակցելու ցանկությունն արդեն իսկ հաղթանակ է։
«Խաղանք շախմատ Արցախի համար» բարեգործական մրցաշարի ընթացքում հավաքվել է 200.000 դրամ, որը հավասարապես կբաժանվի և կփոխանցվի «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամներին։