Հայոց եռագույնն ու եզդիների դրոշն արդեն 29 օր միասին, կողք կողքի են ծածանվում աշխարհում եզդիների ամենամեծ սրբավայր Ակնալճում՝ ի նշան դարավոր բարեկամության, եղբայրության, նույն հողի համար սրբազան պատերազմի:
Երկու ազգի միասնության պատկերը նաև ռազմաճակատից վերադարձած ու մարտի մեկնող տղաների համազգեստի վրա է: Սա նույն հայրենիքում ապրող «Երկու ազգ, մեկ ժողովուրդ, մեկ պայքար» ունենալու խորհուրդն է:
Հայաստանի եզդիական համայնքի առաջին ջոկատը հենց նոր է վերադարձել արցախյան ռազմաճակատի ամենաթեժ հատվածներից: Երկրորդը՝ նույն ոգով, վճռականությամբ, հաղթանակի հանդեպ անսասան հավատով, պատրաստվում է մեկնել սահման, միանալ հայոց բանակին, կամավորներին, շարունակել Հայրենիքի համար մղվող պատերազմը:
Մինչև ճակատ մեկնելը նախ զինվորական կարգ ու կանոն՝ շարվում, լսում են պատերազմից նոր վերադարձած տղաների խորհուրդները, ռազմի դաշտում պարտադիր ոսկե կանոնները:
Հայաստանն ու Արցախն ինչպես ամեն հայի, եզդիների համար էլ սրբազան տուն, հայրենիք է: Այստեղ ծնվել, մեծացել են, այստեղ ապրելու են՝ հողն ու ջուրը, իրենց տունն ու պապերի շիրիմները պաշտպանելու են, ինչպես հայերը:
Զորավար Անդրանիկի ու Ջհանգիր աղայի հուշարձանների դիմաց երկու ազգերի դարավոր բարեկամության ու եղբայրության նորօրյա պատկերն է՝ հայրենիքը պաշտպանելու համար արտերկրից Հովհաննեսը վերադարձել է, նա էլ միացել է եզդիների ջոկատին՝ միասին Արցախ մեկնելու, միասին հաղթելու համար:
Պատերազմը չի ավարտվել, թշնամու հետ էլ կիսատ գործեր կան: Արցախյան ճակատում վիրավորված Աջոյանը տանը նստել չի պատրաստվում, թեև վնասվածքին՝ նորից մեկնում է: Եթե Ադրբեջանն ազգային փոքրամասնություններին ստիպելով է տանում առաջնագիծ, ապա Հայաստանի եզդիները կամավոր են՝ պաշտպանում են ընդհանուր հայրենիքը։
Եզդիական ջոկատի տղաները միայն այսքանը չեն, անընդհատ համալրվում, վերապատրաստվում են Արցախ մեկնելուց առաջ, մինչ այդ քայլերն ուղղվում են սրբազան տաճար՝ աղոթքի:
Վերջում սրբավայրի դիմաց միասնական լուսանկար է՝ պայմանով, որ մարտից հետո նույն վայրում, նույն կազմով հանդիպեն, հաղթանակը տոնեն: