Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը դատապարտել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին՝ դրանք անվանելով «միանգամայն անընդունելի», գրում է DW-ն:
Էրդողանն ավելի վաղ Մակրոնին մեղադրել էր իսլամաֆոբիայի մեջ, նրան անվանել «հիվանդ» և խորհուրդ տվել «հետազոտել իր հոգեկան վիճակը»: Ի պատասխան՝ Ֆրանսիան Անկարայից հետ կանչեց իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար: Երկուշաբթի էլ հեռուստատեսությամբ ելույթ ունենալով՝ Էրդողանը թուրքերին կոչ արեց բոյկոտել ֆրանսիական ապրանքները:
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ «աջակցում են ֆրանսիացի ընկերներին որոշումների հարցում»: Գերմանիայի արտգործնախարարը հայտնել է, որ Ֆրանսիայի հետ է Մակրոնի իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում: Նրա համոզմամբ՝ ռասիզմը և իսլամաֆոբիան չպետք է հավասարեցվեն իսլամական ահաբեկչության դեմ պայքարին: Դա ձեռնտու է նրանց, ովքեր ցանկանում են պառակտել հասարակությունը՝ ասել է Մաասը՝ մատնանշելով Էրդողանին:
Ֆրանսիայի նախագահի վրա Էրդողանի հարձակումները քննադատել է նաև Իտալիայի վարչապետը և իր համերաշխությունը հայտնել Փարիզին: