Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արցախցի կանայք և երեխաները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում ԵՄ գրասենյակի շենքի առջև: Նրանք հանդիպում են պահանջում պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ:
Գրասենյակի անվտանգության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին տեղեկացրին, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ գրասենյակում աշխատակիցներ չկան, ուստի հանդիպում չի կարող լինել, առաջարկեցին նամակը փոխանցել իրենց միջոցով, ինչին արցախցի կանայք չհամաձայնեցին:
Նրանք լրագրողների հետ զրույցում ներկայացրին ԵՄ դեսպանին ուղղված նամակի բովանդակությունը: Նշեցին, որ նամակը Արցախից տեղահանված կանանց, երեխաների անունից է, հիշեցնում են կառույցի առաքելությունը՝ եվրոպական արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը: «Պահանջում ենք պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, կոչ անել հեռացնել Ադրբեջանին Արևելյան գործընկերության շրջանակից, պահանջում ենք նաև Արցախի անկախության ճանաչում, որը միջոց է լռեցնելու Ադրբեջանին և խաղաղություն հաստատելու տարածաշրջանում»,- նշեց նախաձեռնող խմբի անդամը:
Ակցիայի մասնակիցները վստահ են, որ իրենց պահանջները համապատասխանում են միջազգային բոլոր կոնվենցիաներին և նորմերին:
Ավելի ուշ ԵՄ գրասենյակի անվտանգության ծառայության պատասխանատուն հեռախոսով զրուցեց նախաձեռնող խմբի անդամ Լիանա Ադամյանի հետ, առաջարկեց կամ նամակը հանձնել անվտանգության աշխատակիցներին, կամ վաղը՝ ժամը 11-ին, 3 հոգով հանդիպել կամ ԵՄ դեսպանի, կամ ԵՄ պատվիրակության որևէ ներկայացուցչի հետ: Արցախցի կանայք որոշեցին ներկայանալ վաղը և անձամբ հանձնել նամակը: