Արցախցի կանայք և երեխաները ակցիա են իրականացնում Հայաստանում ԵՄ գրասենյակի շենքի առջև՝ պահանջելով չլռել և համարժեք գնահատական տալ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:
Ակցիան մեկնարկեց երգով, ապա մասնակիցները սկսեցին վանկարկել «Արցախ»:
Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, որին նախատեսում են հանձնել արցախցի կանանց նամակը:
Նախաձեռնող խմբի անդամ Լիանա Ադամյանը նշեց, որ դեսպանին է դիմում Արցախի մայրերի կողմից՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, որոնք այս պահին էլ չեն պահպանում հրադադարը: «Ինչո՞ւ եք լուռ ու համր, մի՛ լռեք, ե՞րբ եք կոչելու իրերն իրենց անուններով»,- նշեց նա: