Արյունոտ լվացք՝ Տորոնտոյի փողոցներում։ Արվեստի միջոցով իր բողոքն էր արտահայտել կանադահայ նկարիչ Մարիամ Մուղդուսյանը։
Նրա խոսքով՝ ակցիան հատուկ խորհրդանիշ ուներ․ «Ստեփանակերտում և Շուշիում բոլոր մարդիկ գիտեն, թե խաղաղ, արևոտ օրերին այդ գունավոր լվացքներն ինչպես են դրոշների պես ծածանվում։ Երբ դրանք արյունոտ են, ուրեմն այդտեղ աղետ է եղել, ուրեմն այդտեղ արդեն մարդիկ չկան, և, նայելով այդ հագուստներին, կարելի է տեսնել, թե ովքեր չկան արդեն։ Հիմնական գաղափարը հենց սա էր»։
Մարիամը արվեստի միջոցով է պատկերացնում իր պայքարը։ Ըստ նրա՝ ակցիան այն մարդկանց մասին էր, որոնք տուժում են տեղի ունեցող պատերազմական գործողություններից։
Ակցիային հաջորդեց Օտտավայում մեծ հանրահավաքը, որին 3 հազարից ավելի մարդ մասնակցեց։
«Հայերիս պահանջն այստեղ այն է, որ հայտարարություններից անցնեն գործողության։ Ոչ թե ժամանակավորապես դադարեցնել զենքի, տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային, այլ առհասարակ արգելել։ Սա ամենակարևոր պահանջներից է»,- ասաց Մարիամը։
Ցուցարարները պահանջել են նաև ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, զսպել Թուրքիային և Ադրբեջանին, տալ ոչ միայն գնահատականներ, այլև կիրառել պատժամիջոցներ։
Բողոքի ակցիայի մասնակիցները քայլել են ՆԱՏՕ-ի գրասենյակ և պահանջել, որ Թուրքիային զրկեն ՆԱՏՕ-ի անդամակցությունից։ Մարիամ Մուղդուսյանի խոսքով՝ բողոքի ակցիաները շարունակելու են նույն տեմպով՝ ապակենտրոն պայքար մղելով։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնից: