Այսօր հանդիպել եմ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը՝ այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
«Ողջունել եմ ֆրանսիական պատվիրակության անդամներին և երախտագիտություն հայտնել Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի ենթարկվող Արցախի Հանրապետությանը ցուցաբերված համերաշխության համար։
Բարձր եմ գնահատել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը` ուղղված կրակի դադարեցմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնմանը։
Ընդգծել եմ, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ տվյալ գործընթացը կգործարկի ագրեսիան զսպելուն և Բաքվի իշխանություններին խաղաղություն պարտադրելուն ուղղված միջազգային քաղաքական և դիվանագիտական մեխանիզմները:
Շեշտել եմ մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար»,- գրել է Մայիլյանը: