Տասնյակ գյումրեցիների միավորել է քողարկիչ ցանցեր պատրաստելու կարևոր գործը: Սկսել են Գյումրու հայ կաթողիկե եկեղեցու և «Կարիտասի» երիտասարդների համատեղ ջանքերով։ Հիմա թիմն այնքան է մեծացել, որ զուգահեռ մտածել են՝ կարելի է նաև զինվորների համար ներքնազգեստ կարել։
Արգինե Թադևոսյան (կամավոր) - «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է լինել իր զինվորի կողքին, մենք էլ՝ մեր փոքրիկ ներդրումը։ Հայրենիքը սուրբ է, և հայրասերների գործը անգին է։
Հավաքվել ենք սրտացավ մարդկանցով. անծանոթ մարդիկ, որովհետև դրա համար ոչ միայն ցանկություն, այլև գիտակցում կա՝ ինչի համար է»։
Ամեն օր վաղ առավոտից մինչև ուշ գիշեր թիկունքի մշտարթուն անդամները իրար լավ ճանաչել դեռ չեն հասցրել: Առաջինը գործն է. խնդիր են կատարում: Ամենօրյա պլանն ավելանում է, ու թիմն ընդլայնվում է: Կամավոր Էլյա Գրիգորյանը հարազատներ ունի սահմանին։ Աշխատանքին զուգահեռ՝ ականջը առաջնագծից եկող լուրերին է, հետն էլ աղոթում է:
Էլյա Գրիգորյան (կամավոր) - «Կարում ենք ներքնաշորեր զինվորներին, ինչով կարող ենք՝ օգնում ենք: Ամեն շորի հետ աղոթում եմ, որ շուտ վերադառնան»:
Անժիկ Ասատրյանը հավատում է՝ դրական ազդակներն ու ժպիտները, որ թիկունքից փաթեթների հետ գնում են սահման, անպայման վերադառնալու են՝ հաղթանակի ու խաղաղության ավետիսով։
Անժիկ Ասատրյան (կամավոր) - «Լավ ենք տրամադրված: Հույս ունենք՝ հաղթելու ենք: Յուրաքանչուրն օգնում է՝ ինչով կարող է, ինչքան կարող ենք, որպեսզի նրանք շուտ հաղթեն: Եվ հաղթելու ենք՝ դրանում ոչ մեկը չկասկածի»:
Գյումրեցի արվեստագետներն էլ կռվում են առանձին ճակատով։ Գյումրու կենտրոնում արվեստի ակադեմիան վերածվել է նկարիչների գործերի վաճառքի կենտրոնի, ներգարվված են դպրոցականներ և ուսանողներ:
Վահագն Ղուկասյան (Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, նկարիչ) - «Ցուցահանդես-վաճառքի գործերը հայրենասիրական մոտիվներով են: Մտահղացումը նկարիչներինն է: Զուգահեռ նկարում են, գունավորում և վաճառում։ Հասույթը Համահայկական հիմնադրամ է փոխանցվում»։
Վահագն Ղուկասյան - «Գնորդները գյումրեցի են՝ աշակերտներ, թոշակատումներ, մանկավարժներ։ Պատվերներ ունեն Շիրակի մարզպետարանից, իրականացնում են նաև օնլայն վաճառք»:
Միշա Թումասյան (գնորդ) - «Նուռերը վերցրինք: Հայաստանին են բնորոշ աբստրակտ գույներով, սպիտակ շրջանակով նռներ»։
Յուրաքանչյուր օր միջինը 50 նկար են վաճառում։ Յուրաքանչյուր գործի սիմվոլիկ գին ունի՝ 5000 դրամ, ավել վճարողներ էլ կան։ Առաջին օրվա հասույթը 205 հազար դրամ է եղել, փոխանցել են հիմնադրամ։ Ցուցահանդեսն անժամկետ է։ Մտադիր են մեծացնել ծավալը։ Ավելի շատ նկար, ավելի հզոր զենք, ավելի շուտ հաղթանակ՝ վստահ են արվեստագետները։