1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի դեպքերի քրոնիկոնը:
Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին․ ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարություն
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության: Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով՝ 08:00-ին:
Միացյալ Նահանգները խթանեց ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով՝ տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ռազմական գործողությունները հյուսիսից մինչև հարավ. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ
«Նախ հյուսիսում վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ որոշակիորեն զիջել են հարավային ուղղությամբ կատարվող մարտական գործողություններին»,- տեղեկացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ժամը 22։00-ին մեկնարկած ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ Հադրութից՝ հյուսիս, Մարտունիից՝ հարավ, մի քանի գյուղերում, այդ թվում՝ Ավետարանոց գյուղի հարակից անտառներում նկատվել են դիվերսիոն խմբեր, այլ հատվածներում շարունակվել են դրանց որոնման և ոչնչացման աշխատանքները։ «Որպես կանոն՝ դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել տեղանքից, որտեղ հայտնվում են մեր ԶՈՒ ստորաբաժանումները»,- նշել է Հովհաննիսյանը։ Ողջ օրվա ընթացքում հարավային ուղղությամբ դեպի հյուսիս և դեպի արևմուտք հակառակորդը ձեռնարկել է տասնյականգամյա գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով, ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվել են, այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր՝ ասել է Հովհաննիսյանը:
Հրետակոծվել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը. ԱՀ ԱԻՊԾ
Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։ Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել են 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։ Մարդկային կորուստներ չկան»,-
գրված է հաղորդագրությունում։
Օրվա ընթացքում հրետակոծվել են Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը. ԱՀ ԱԻՊԾ
Օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարկվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։ Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։ Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։ Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ն` կիրառության մեջ․ տեսանյութ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է
տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են կիրառվում հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ները։«Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ն` կիրառության մեջ»,- ասված է ՊՆ խոսնակի գրառման մեջ։
Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն
Lուսանկարներ
Թշնամու ոչնչացված հերթական զրահատեխնիկան
Տեսանյութ
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների անուններ
ՊԲ ստորաբաժանումները հայտնաբերում և ոչնչացնում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը. ՊՆ խոսնակ
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները` տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում ժամը 10։18-ին։
Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը. ԱՀ ԱԻՊԾ
Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ: Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով: Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա: Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չունենք: