ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չժոու Խուն Յուի հետ:
Կողմերը քննարկել են COVID-19-ի և ռազմական գործողությունների պատճառով Հայաստանում ստեղծված առողջապահական բարդ իրադրությունը և երկկողմ համագործակցության հնարավորությունները:
Բարձր գնահատելով մինչ այժմ Չինաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը Հայաստանի առողջապահական համակարգին, մասնավորապես, COVID-19-ի դեմ պայքարում` նախարարի առաջին տեղակալը նշել է, որ երկարաժամկետ խնդիրներին դիմակայելու առումով Հայաստանը կարիք ունի Չինաստանի կողմից մարդասիրական օգնության` առողջապահական սարքերի, պարագաների և նյութերի տեսքով:
Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի առողջապահական համակարգին հնարավոր օժանդակություն ցուցաբերելու առնչությամբ:
Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս շարունակել համագործակցությունը առողջապահության բնագավառում: