Հոկտեմբերի 29-ին, Ժնևում տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական հանդիպումը:
«Հոկտեմբերի 24-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև մասնակցել են արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ համատեղ հանդիպմանը: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:
Համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան համատեղ հայտարարության բոլոր ասպեկտների իրականացման ուղղությամբ՝ իրենց պարտավորություններին համապատասխան, որոնք վերահաստատել են հոկտեմբերի 18-ին Փարիզում: Համանախագահները կողմերին հիշեցրել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության, ինչպես նաև Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Պոմպեոյի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի համատեղ հայտարարության մասին:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Ակտիվ քննարկումների ընթացքում համանախագահները և արտգործնախարարները քննարկել են անհապաղ հումանիտար հրադադարի իրականացումը, հրադադարի դիտարկման հնարավոր չափորոշիչները և հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն համապարփակ կարգավորման հիմնական էական տարրերի քննարկման նախաձեռնումը:
Համանախագահներն ու ԱԳ նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին ՝ քննարկելու, ձեռք բերելու պայմանավորվածություն և սկսելու համաձայնեցված ժամկետներում իրականացնել բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան»,- ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ: